«Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է զարգացնել Ամուլսարի հանքին կից իր ենթակառուցվածքները՝ պատրաստելով արհեստավարժ օպերատորներ

7 րոպեի ընթերցում

«Լիդիան Արմենիա» ընկերությունը և տնտեսական լրագրողների ակումբը կազմակերպել էին շրջայց դեպի Ամուլսարի հանք՝ տեղում օպերատորներ պատրաստող վարժական կենտրոնի աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հանրային կապերի և հաղորդակցության մենեջեր-ղեկավար Մարգարիտա Ափրոյանը նշեց, որ շուտով կմեկնարկի Ամուլսարի հանքի շահագործման փուլը, հետևաբար ընկերությունը սկսել է նաև օպերատորների վերապատրաստման դասընթացները։

«Այս պահին Ամուլսարի ծրագրում ունենք ավելի քան 1000 ներգրավված աշխատակից։ «Մոտա Էնջիլ» ընկերությունը հանդիսանում է «Լիդիան Արմենիայի» կապալառու ընկերությունը, որը Ամուլսարի ծրագրի շահագործման ընթացքում իրականացնելու է հանքարդյունահանման մասը, ուստի այդ առթիվ սկսել ենք վերապատրաստել հարակից համայնքի բնակիչներին, ովքեր վարելու են ծանր տեխնիկան։ Մեր նպատակն է հնարավորինս շատ կադրեր ներգրավել հարակից բնակավայրերից՝ Գորայքից, Գնդեվազից, Վայքից, Ջերմուկից, Կեչուտից և Սարավանից»,- ասաց Ափրոյանը։

Նրա խոսքով՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հարակից համայնքների բնակիչներին դիտարկում է որպես հիմնական գործընկերներ, հետևաբար առաջնահերթ նպատակն այն է, որպեսզի հնարավորինս շատ տեղացիներ ներգրավվեն աշխատանքներում։ Ափրոյանի տեղեկացմամբ՝  ընկերությունն արդեն ունի 32 աշխատակիցներ հարակից համայնքներից, ովքեր արդեն ներգրավված են աշխատանքներում, ևս 60 հոգի անցնում են դասընթացներ։ Ակնկալվում է, որ հանքի շահագործման փուլում ընկերությունը կունենա ավելի քան 400 օպերատորներ։

«Մոտա Էնջիլ» ընկերության ներկայացուցիչ, օպերատորների վերապատրաստման մենեջեր ժոակիմ Ամարոնը լրագրողներին ծանոթացրեց վարժական կենտրոնի աշխատանքներին և օպերատորների վերապատրաստման մասնագիտական յուրահատկություններին։ Պորտուգալացի մասնագետն հանքարդյունաբերության ասպարեզում ունի ավելի քան 30 տարվա փորձ, աշխատել է մի շարք երկրներում, իսկ վերջին տարիներին՝ մասնավորապես աֆրիկյան պետություններում։

«Առաջին անգամ նման ծրագիր ենք իրականացնում Հայաստանում։ Պատրաստ եմ իմ գիտելիքներն ու հմտությունները փոխանցել հայ օպերատորներին։ Մեր նպատակն է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում վերապատրաստել լավագույն օպերատորներին։ Ամենակարևոր արժեքը մարդու կյանքն է, ուստի անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր օպերատորներն աշխատեն անվտանգ պայմաններում»,- ասաց Ամարոնը։

Նա հավելեց, որ վերապատրաստման գործընթացը ներառում է յոթ մակարդակ։ Թեկնածուները հարցազրույցից հետո հանձնում են մասնագիտական, հոգեբանական և բժշկական թեստեր։ Նրանք անմիջական մասնագետների վերահսկողությամբ յուրացնում են ծանր տեխնիկայի օգտագործման և անվտանգության կանոնները։ Մասնագետի պնդմամբ՝ վարժական կենտրոնում կան բոլոր հնարավորությունները բարձրակարգ օպերատորներ պատրաստելու համար։ Կենտրոնը գտնվում է հանքի հարևանությամբ և հագեցած է լավագույն տեխնիկական միջոցներով։

«Հանքարդյունաբերության ոլորտում գործում են բավականին թանկարժեք տեխնիկական միջոցներ, որոնց հեշտ չէ իսկույն հաղորդակից լինել և տիրապետել դրանց շահագործման առանձնահատկություններին։ Օպերատորների վերապատրաստման ամբողջ գործընթացն այստեղ տևում է մոտ երեք ամիս։ Բոլորը պետք է ունենան վարորդական իրավունք, հորատման մեքենաներն աշխատեցնելու համար վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր չէ, պարզապես պետք է շատ լավ տիրապետել տեխնիկական և անվտանգային կանոններին։ Մեզ մոտ դասարանային պայմաններում գիտելիքների մատուցմանն ու համապատասխան հրահանգավորումներին հաջորդում է դրանց պրակտիկ կիրառումը դաշտային պայմաններում»,- ասաց ժոակիմ Ամարոնը։

Նա գովեց հայ օպերատորների մասնագիտական ունակությունները՝ շեշտելով, որ նրանք բավականին արագ են յուրացնում տեխնիկական կանոնները և կարող են մոտ ապագայում անկաշկանդ օգտագործել ծանր տեխնիկան։

«Մեզ մոտ կան երեք խմբի օպերատորներ։ Նախընտրելի են նրանք, ովքեր ունեն որոշակի փորձառություն և մեզ միացել են տարբեր տեղերից, մյուս խմբում հավաքագրվել են միջին մակարդակի օպերատորներ, որոնք վարժական կենտրոնում կատարելագործում են իրնեց հմտությունները, իսկ երրորդ խումբը ներկայացնում են այն օպերատորները, որոնց հետ աշխատանքը, ինչպես ասում են, սկսվում է զրոյից։ Օպերատորներին աշխատանքի ընդունելիս՝ հաշվի ենք առնում հատկապես այն հանգամանքը, թե նրանք ինչ տեսակի տեխնիկա կարող են լավագույն կերպով օգտագործել, ծանոթանում ենք նրանց գիտելիքներին և ունակությունների մակարդակին»,- ասաց պորտուգալացի մասնագետը։

«Մոտա Էնջիլ» ընկերության ներկայացուցիչ, օպերատորներ վերապատրաստող մասնագետ Արտյոմ Մանյանը նշեց, որ թեստերի արդյունքների հիման վրա կատարվում է ապագա օպերատորների բծախնդիր ընտրություն։

«Մեր դասընթացներն ավարտելուց հետո մարդիկ ստանում են հատուկ լիցենզիա, որով կարող են աշխատել ցանկացած երկրում, որտեղ շահագործվում են «Կատերպիլար» ընկերության տեխնիկական միջոցներն ու մեքենաները, որոնք հագեցած են նորագույն տեխնոլոգիաներով և կարող են ավտոմատ ռեժիմով բացահայտել անսարքություններն ու տեխնիկական խնդիրները՝ հատուկ մոնիտորի միջոցով դրանց մասին իրազեկելով վարորդին։ Մեր ավտոպարկն այժմ գտնվում է համալրման փուլում»,- ասաց Մանյանը։

Վերապատրաստման վարժընթացներին մասնակցող ապագա օպերատորները գոհ են պայմաններից և շատ ուրախ են հատկապես այն առումով, որ ընկերությունը նախապատվություն է տալիս Ամուլսարի հանքի հարակից համայնքների բնակիչներին։ Նրանք համոզված են, որ նոր աշխատատեղերի բացումը շահեկանորեն ազդելու է իրենց կենսակերպի վրա։   

 

Հայերեն

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա

Սարուխանի մշակույթի տանը կայացել է հայկական մշակույթին նվիրված հաշվետու միջոցառում