2 րոպեի ընթերցում
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը ստորագրել է «Ատոմային էներգիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով վերացվում է երկրի ներսում միջուկային զենքի ներմուծման և տեղակայման արգելքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutche Welle-ն, փաստաթղթերը հրապարակվել են Ֆինլանդիայի խորհրդարանի կայքում, իսկ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից:
Հունիսի 17-ին Ֆինլանդիայի խորհրդարանը արդեն իսկ հաստատել էր այդ փոփոխությունները 125 կողմ և 61 դեմ ձայների հարաբերակցությամբ: Պաշտպանության նախարար Անտի Հականենը բարեփոխումն անվանեց պատմական և նշեց, որ այն ամրապնդում է Ֆինլանդիայի և ամբողջ ՆԱՏՕ-ի անվտանգությունը:
Ստուբը հայտարարել է, որ Ֆինլանդիան չի մտադրվում խաղաղ ժամանակ իր տարածքում տեղակայել միջուկային զենք: «Խոսքը միջուկային զսպման մասին է՝ որպես զսպման միջոց, որը նախատեսված է ապահովելու համար, որ միջուկային զենքերը երբեք չօգտագործվեն», - ասել է Ֆինլանդիայի նախագահը:
Ստուբը, որպես վերոհիշյալ որոշման պատճառ, նշել է համաշխարհային անվտանգության վատթարացող իրավիճակը: «Իրականությունն այն է, որ մեր հարևանը ագրեսիվ իմպերիալիստական պետություն է՝ Ռուսաստան անունով, որը նույնպես Օտտավայի կոնվենցիայի կողմ չէ», - հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը:
Պաշտոնական Հելսինկին ՆԱՏՕ-ին միանալու իր մտադրության մասին հայտարարեց դեռ 2022 թվականի մայիսին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ռազմական ներխուժման մեկնարկի ֆոնին։ 2023 թվականի ապրիլին Ֆինլանդիան, որը Ռուսաստանի հետ ունի ավելի քան 1300 կիլոմետրանոց սահման, պաշտոնապես միացավ հյուսիսատլանտյան դաշինքին։