6 րոպեի ընթերցում
2026թ․-ի hունիսի 24-ին կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: ԱրարատԲանկի համար 2025 թվականը նշանավորվել է բանկային համակարգում դիրքերի ամրապնդմամբ, ծառայությունների ընդլայնմամբ և միջազգային խոշոր գործընկերների հետ կարևոր համագործակցությունների հաստատմամբ։
«Մենք արձանագրեցինք, որ ունենք բավականին հուսադրող ցուցանիշներ և կայուն աճ։ Շատ ավելի կարևոր է գալիք տարիների տեսլականը՝ մեր հաճախորդներին նոր, որակյալ ծառայությունների մատուցման ուղղությամբ։ Այս առումով հատկապես կարևորում եմ ԱրարատԲանկի զարգացումը նաև թվային ծառայությունների մատուցման ավելի լայն շրջանակի շուրջ, և մեր հաճախորդները կարող են ակնկալել, որ մոտ ապագայում ԱրարատԲանկը հանդես կգա մի շարք նոր պրոդուկտներով»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի խոսքով․ «Նկատվում է, որ ԱրարատԲանկը լրացուցիչ ջանքեր է գործադրում Բանկի կառավարման համակարգի էլ ավելի բարելավման, ռիսկերի կառավարման համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ։ Լիահույս ենք, որ ԱրարատԲանկը, ինչպես կար, այնպես էլ լինելու է Հայաստանի ֆինանսական համակարգի կարևոր և կայուն ներկայացուցիչներից մեկը և շարունակելու է իր հաճախորդներին մատուցել որակյալ ծառայություններ, զսպել ռիսկերը, ինչպես դա արվել է վերջին տասնամյակների ընթացքում»։
2025թ․-ի տարեկան արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են 423,263 մլն ՀՀ դրամ։
2025թ.-ի ամփոփման արդյունքում Բանկի սեփական կապիտալը կազմել է 78,734 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա վերջի համեմատ աճել է 8,903 մլն ՀՀ դրամով կամ 12.7%-ով:
2025թ․-ին Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 55.3%-ը։
Բանկի կողմից տրամադրված բոլոր վարկատեսակների գծով արձանագրվել է ծավալների ավելացում․ իրավաբանական անձանց վարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 10.2%-ով, մանրածախ վարկերը` 5.6%-ով, իսկ ֆինանսական վարձակալության ծավալները՝ 41%-ով:
2025թ.-ի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են 344,529 մլն ՀՀ դրամ, իսկ ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 151,821 մլն ՀՀ դրամ։
2025թ․-ին Բանկի զուտ շահույթը կազմել է 11,705 մլն ՀՀ դրամ։
ԱրարատԲանկի նոր տեսլականի մասին խոսելիս գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը նշել է․ «Առաջիկա տարիներին Բանկի գործունեությունը կկենտրոնանա մի քանի ռազմավարական ուղղությունների վրա, որոնցից են կայուն ֆինանսական արդյունքների ապահովումը, հաճախորդների փորձի շարունակական բարելավումը, թվային փոխակերպումը, ռիսկերի կառավարման, համապատասխանության, կիբեռանվտանգության և գործառնական կայունության հետագա ամրապնդումը, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական զարգացումը»։
Նշված առաջնահերթությունները սահմանելու են ԱրարատԲանկի զարգացման առաջիկա ուղղությունը՝ դեպի ավելի արդյունավետ, տեխնոլոգիական և հաճախորդակենտրոն բանկ դառնալու ճանապարհին։
«35 տարվա վստահություն»՝ այս խորագիրն էր կրում տարեկան ժողովի գալա-ընդունելության հատվածը, որին ներկա էին ֆինանսական և գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական կառույցների, բարձր տեխնոլոգիաների հատվածի, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հաճախորդներ և գործընկերներ։
Այս տարի լրացել է նաև ԱրարատԲանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի հնգամյակը։ Վերջին հինգ տարիների ընթացքում Բանկն իրականացրել է բազում ծրագրեր կրթության, առողջապահության, մշակույթի, բնապահպանության, սոցիալական ձեռնարկատիրության և համայնքային զարգացման ոլորտներում, որի շրջանակներում Բանկի գործընկերներն են եղել տասնյակ հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ։ Գալա-ընդունելիության ժամանակ ցուցադրվեց նաև ԱրարատԲանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի 2025 թվականի ամփոփիչ տեսանյութը, որտեղ ներկայացվել են Բանկի նախաձեռնությունները՝ ուղղված հասարակության կայուն զարգացմանն ու իրական ազդեցության ստեղծմանը։
«Մատենադարանի թռիչքաձև զարգացումներում՝ հատկապես գրավոր ժառանգության պահպանման ոլորտում, ԱրարատԲանկի մասնակցության դերը ուղղակի դժվար է գերագնահատել։ Բանկը դարձավ հայկական և միջազգային գրավոր ժառանգության պահպանման կարևորագույն երաշխավորներից մեկը։ Բանկի հետ բացել ենք ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիան, ամբողջապես արդիականացվել է թանգարանի և գիտական մասնաշենքի անվտանգության և տեսահսկման համակարգը։ Բանկը հանդես է գալիս ամենամյա մեր միջազգային սեմինարի մշտական հովանավոր, որին 15 տարիների ընթացքում մասնակցել են միջազգային ավելի քան 145 կազմակերպություններ։ Եվ գիտեք, ԱրարատԲանկի դեպքում ավելորդ է խոսել հովանավորության մասին, Արարատ բանկի դեպքում չի կարելի օգտագործել «աջակցություն» բառը, որովհետև Բանկը Մատենադարանի գաղափարակիցն է, Մատենադարանի տնօրինության արժեքները և պատասխանատվությունը կիսող կառույց», նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: