Աշխարհ

Լոնդոնից հյուսիս գնացքների բախման հետևանքով զոհվել է մեքենավարը, 89 մարդ վիրավորվել է

2 րոպեի ընթերցում

Լոնդոնից հյուսիս գնացքների բախման հետևանքով զոհվել է մեքենավարը, 89 մարդ վիրավորվել է

Լոնդոնից մոտ 100 կմ հյուսիս երկու գնացքի բախման հետևանքով զոհվել է մեքենավարը, 89 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը։

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը ժամը 17։15-ի սահմաններում, Բեդֆորդ քաղաքից հարավ գտնվող երկաթուղային գծում։ Բախվել են East Midlands Railway ընկերության երկու գնացքներ, որոնք շարժվում էին նույն ուղղությամբ՝ դեպի Լոնդոնի Սենթ Փանկրաս կայարան։

Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, որ գնացքներից մեկի առջևի հատվածը բախվել է մյուսի հետևի հատվածին։ Դեպքի վայրից հրապարակված լուսանկարներում երևում է, որ առնվազն մեկ վագոն դուրս է եկել ռելսերից։ Միջադեպի պատճառները պարզվում են։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին և վիրավորներին։

«Իմ մտքերը այն մարդու ընտանիքի հետ են, որը, ցավոք, զոհվել է, ինչպես նաև նրանց հետ, որոնք ծանր վնասվածքներ են ստացել»,- ասված է Սթարմերի հայտարարության մեջ։

Արևելյան Անգլիայի շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով բրիգադներ, այդ թվում՝ ավելի քան 20 շտապօգնության մեքենա և 6 սանիտարական ուղղաթիռ։

Reuters-ի փոխանցմամբ՝ 89 տուժածներից 11-ը ստացել են շատ ծանր, 22-ը՝ ծանր, իսկ 56-ը՝ թեթև վնասվածքներ։

RMT արհմիության գլխավոր քարտուղար Էդդի Դեմփսին հայտնել է, որ կազմակերպությունը ցնցված է մեքենավարի ողբերգական մահվան լուրից։

Իշխանությունները շարունակում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում