Հայաստան

FlyOne Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան

5 րոպեի ընթերցում

FlyOne Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան

FlyOne Armenia ավիաընկերությունը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքը Հայաստանի ավիացիոն շուկայում՝ ընդլայնելով ավիապարկը, զարգացնելով տեխնիկական սպասարկման կարողությունները և նպաստելով Հայաստանի ավիացիոն ոլորտի երկարաժամկետ զարգացմանը։

Սույն թվականի հունիսի 18-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել պաշտոնական միջոցառում, որի շրջանակում կայացել է FlyOne Armenia ավիաընկերության օդանավերի շքերթը թռիչքուղում։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են ավիապարկը համալրած Airbus A320 և Airbus A321 օդանավերը, իսկ Airbus A321 օդանավն իրականացրել է ցուցադրական թռիչք, որն ուղեկցվել է ջրային կամարի հանդիսավոր արարողությամբ։

Միջոցառման շրջանակում պաշտոնապես նշվել է նաև «Սիլ Տեխնիքս» ընկերության բացումը։ Ընկերությունը հիմնադրվել է եվրոպական ավիացիոն անվտանգության ստանդարտներին համապատասխան և հանդիսանում է Հայաստանում իր տեսակի մեջ եզակի տեխնիկական սպասարկման կենտրոն։ Այն հնարավորություն կստեղծի սպասարկել ինչպես FlyOne Armenia -ի, այնպես էլ այլ ավիաընկերությունների օդանավերը՝ տեղական և եվրոպական ինժեներական ներուժի ներգրավմամբ և եվրոպական ավիացիոն անվտանգության չափանիշներին համապատասխան։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «SIL Capital» ընկերության հիմնադիր Էդուարդ Սուքիասյանը, ինչպես նաև պետական կառույցների, ավիացիոն ոլորտի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման, ավիապարկի ընդլայնման, տեխնիկական սպասարկման կարողությունների հզորացման և երկրի ավիացիոն անկախության ամրապնդման տեսանկյունից։

Ընկերության ներդրումային ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար։ Ներդրումներն ուղղված են ավիապարկի ընդլայնմանը, ավիացիոն ենթակառուցվածքների զարգացմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի ավիացիոն անկախության ամրապնդմանը։

FlyOne Armenia-ի նոր օդանավերը կնպաստեն նաև Հայաստանի տնտեսական աճին, զբոսաշրջության զարգացմանը և շուրջ 300 նոր աշխատատեղերի ստեղծմանը։

«Այսօր մեզ համար առանձնահատուկ օր է։ Մենք հավաքվել ենք այստեղ՝ նշելու FLYONE Armenia ավիաընկերության նավատորմի համալրումը նոր Airbus A321 և Airbus A320 օդանավերով։ Յուրաքանչյուր նոր օդանավ պարզապես նավատորմի ընդլայնում չէ. Այն խորհրդանշում է Հայաստանի ավիացիայի ապագայի նկատմամբ մեր վստահությունը, հաստատում է մեր երկարաժամկետ ռազմավարությունը, և ⁠արտացոլում է մեր վստահությունը, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի կարևոր ավիացիոն կենտրոններից մեկը »,– նշել է FlyOne Armenia -ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

2026 թվականին FlyOne Armenia -ի սեփական օդանավերի թիվը կհասնի 11-ի, իսկ ընդհանուր շահագործվող օդանավերի թիվը՝ 15-ի։ Airbus A321-ը համարվում է իր դասի առաջատար օդանավերից մեկը՝ աչքի ընկնելով բարձր արդյունավետությամբ, թռիչքային ճկունությամբ և ուղևորների համար հարմարավետությամբ։ Օդանավն ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով և նոր սերնդի հարմարություններով՝ ուղևորներին առաջարկելով առավել հարմարավետ և անվտանգ թռիչքային փորձառություն։

FlyOne Armenia-ն շարունակելու է ընդլայնել իր ավիապարկը, զարգացնել միջազգային ուղղությունների ցանցը և ներդրում ունենալ Հայաստանի՝ որպես տարածաշրջանային ավիացիոն կենտրոնի դիրքերի ամրապնդման գործում։

FlyOne Armenia-ի մասին․ FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին։ Ներկայում ավիաընկերությունն իրականացնում է թռիչքներ 31 ուղղություններով՝ դեպի Եվրոպայի, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներ՝ շարունակաբար ընդլայնելով իր երթուղային ցանցը։ Գործունեության մեկնարկից ի վեր FlyOne Armenia-ն փոխադրել է ավելի քան 3,5 միլիոն ուղևոր։ Ավիաընկերությունը շահագործում է Airbus A320/A321 ընտանիքի ժամանակակից օդանավեր, որոնք լիովին համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում