Հայաստան

Իրական խնդիրներից մինչև իրական լուծումներ․ մեկնարկել է CaseKey 2026-ը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի ամենախոշոր և ազդեցիկ քեյսային կրթության վրա հիմնված նախաձեռնություններից CaseKey-ն վերադառնում է. արդեն վեցերորդ անգամ այն տալիս է ուսանողներին նոր հնարավորություններ, իրական քեյսերի վրա աշխատելու հարթակներ՝ ձևավորելով հազարավոր ուսանողների մտածողության, թիմային աշխատանքի և բիզնես խնդիրների լուծման հմտությունները։

Ծրագրի կրթական կարևոր բաղադրիչի ընդլայնումն էլ հնարավոր է դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աջակցության շնորհիվ. այն արդեն երկրորդ տարին է, ինչ մրցույթի կողքին է, որի արդյունքում ծրագրում ներգրավված են աշխարհի առաջատար համալսարանների փորձագիտական թիմեր, որոնք ակադեմիական հատվածում աշխատելու են CaseKey ուսանողների հետ։

«Եթե խոսենք, թե ինչով է կարևոր, որ հենց հայաստանյան մեծ ընկերություններն են այս մրցույթի կողքին, ապա առաջին հերթին կարևոր է նրանով, որ ուսանողները, երիտասարդները հասկանում են, որ իրենք կարևոր են, այսինքն՝ գնահատված են հենց մեծ ընկերությունների կողմից։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ հենց ԶՊՄԿ-ի հետ ենք համագործակցում։ Այն Հայաստանի համար շատ կարևոր ոլորտի առաջատար ընկերություն է, և եթե ուսանողները կարողանում են հասկանալ, թե առաջատարներն ինչպես են աշխատում, ինչպես են դարձել այդ ոլորտի առաջատարները, հետևաբար նաև իրենք կարող են այդ փորձառությունը, տվյալ ընկերության կամ նրա խնդիրների միջոցով ստացած գիտելիքն արտացոլել այլ ոլորտներում ու այլ բիզնեսներում»,- ասաց CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի կազմակերպիչ Հովհաննես Երիցյանը։

Կազմակերպիչների խոսքով՝ մրցույթի գլխավոր նպատակն է ուսանողներին տալ այնպիսի հնարավորություն և հմտություններ, որի միջոցով նրանք  համալսարանն ավարտելուց հետո անմիջապես կկարողանան անցնել աշխատանքի կամ սկսել սեփական գործը և պատրաստ կլինեն իրական խնդիրներին:

«Երբ տարբեր հարթակներում լինում են հանդիպումներ ուսանողների հետ, տեսնում ես, թե ինչպես են ուսանողների աչքերը բացվում, և ինչպես են նրանք սկսում այլ կերպ ընկալել մեր ոլորտը։ Նման հանդիպումների միջոցով նաև հետաքրքրություն ենք առաջացնում մեր ոլորտի նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ մեր ոլորտը սովորաբար գտնվում է հեռու, և հաճախ դժվար է լինում գրավել լավ մասնագետների   և նրանց կտրել իրենց առօրյա միջավայրից։ Սա այն միջոցներից մեկն է, որով կարող ենք տեսնել լավ, երիտասարդ ու խոստումնալից մասնագետների և հետաքրքրել նրանց մեր ոլորտով»,-ասաց ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Ստեփանյանն ընդգծեց՝ շատ արդյունավետ համագործակցություն են ունեցել՝ հավելելով, որ այս տարի ևս ուսանողներն ունենալու են  հնարավորություն աշխատելու ԶՊՄԿ-ի իրական քեյսերի վրա, ինչն էլ իրենց հնարավորություն է տալիս ծանոթանալ ուսանողների  հետաքրքիր գաղափարներին ու լուծումներին:

Մասնակիցների համոզմամբ՝ սա հիանալի հնարավորություն է ուսանողական տարիներին ունենալ նման փորձ, որը մեծ հնարավորություններ կբացի:

Ծրագրի կազմակերպիչներն ու աջակիցները վստահեցնում են CaseKey 2026-ը պատրաստվում է դառնալ ծրագրի պատմության ամենամասշտաբային և միջազգային ուղղվածություն ունեցող թողարկումներից մեկը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում