Իրան

Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը

7 րոպեի ընթերցում

Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը

Համաշխարհային առաջնորդներն ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները ողջունել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում համաձայնության հաստատումը, որը հունիսի 19-ին կամրագրվի Շվեյցարիայի Ժնև քաղաքում ստորագրվելիք փաստաթղթով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տարբեր երկրների ղեկավարներ արձանագրել են, որ սա կարևոր քայլ է երկար տարիների հակամարտության կարգավորման ճանապարհին։

Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ի իր էջում հրապարակած հայտարարության մեջ նշել է, որ սա կարևոր քայլ է տարածաշրջանային կայունության վրեականգնման ուղղությամբ։ «Հիմա ուշադրությունը պետք է կենտրոնացնել փոխըմբռնման հուշագրի լիարժեք իրականացման վրա՝ ապահովելու համար, որ նեղուցը վերաբացվի և մնա ամբողջությամբ ու մշտապես բաց, ինչպես նաև, որ միջուկային համաձայնագրի մանրամասները վերջնականացվեն։ Մենք պատրաստ ենք աջակցել այն տեխնիկական բանակցություններին, որոնք այժմ սկսվելու են։ Մեր առաջնահերթությունն է, որ սա դառնա կայուն և երկարատև խաղաղություն, և մենք կաշխատենք միջազգային գործընկերների հետ՝ դրան աջակցելու համար»,- ասվում է հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ Բրիտանիայի հաստատուն դիրքորոշումն այն է, որ «Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել կողմերին արագ կյանքի կոչել համաձայնության բոլոր դրույթները։ «Այս համաձայնությունը պետք է հնարավորություն տա Հորմուզի նեղուցի անհապաղ և անվերապահ վերաբացմանը, ինչին պատրաստ է աջակցել Եվրոպական միության և Միացյալ Թագավորության ստեղծած միջազգային առաքելությունը։ Ռեսուրսները պատրաստ են և կարող են անմիջապես տեղակայվել։ Ծովային երթևեկության վերականգնումը՝ առանց սահմանափակումների կամ տուրքերի, տարածաշրջանային կայունության և համաշխարհային տնտեսության համար անփոխարինելի պայման է»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ։ Նա հավելել է, որ Ֆրանսիան կշարունակի իր լիարժեք աջակցությունը Լիբանանի իշխանությունների վճռական ջանքերին՝ պետության ինքնիշխանության վերականգնման համար։

Գերմանիայի կանցլեր Ֆրեդրիխ Մերցը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և իրանական կողմին «դիվանագիտական առաջընթացի համար»։ «Սա կարող է ճանապարհ հարթել դեպի ավելի ուժեղ համաշխարհային տնտեսություն և ավելի անվտանգ Մերձավոր Արևելք»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

 

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հույս է հայտնել, որ «Հորմուզի նեղուցով ազատ և անվտանգ նավարկությունը գործնականում կապահովվի, և որ Իրանի միջուկային հարցի և այլ խնդիրների վերաբերյալ վերջնական համաձայնագիրը հնարավորինս շուտ կկնքվի»։

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը բեկումնային է որակել ԱՄՆ-Իրան այս համաձայնությունը՝ նշելով․ «Իրականացման դեպքում համաձայնությունը պետք է նաև մեղմի համաշխարհային էներգետիկ ճգնաժամը։

Վերջին օրերին ես խոսել եմ իրանցի և Ծոցի տարածաշրջանի գործընկերների հետ, և այսօր ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն, թե ինչպես կարող է ԵՄ-ն ներգրավվել հաջորդ փուլում։ Տնտեսական լծակներից մինչև միջուկային փորձագիտական կարողություններ և երկարամյա հարաբերություններ Ծոցի գործընկերների հետ՝ ԵՄ-ն պատրաստ է նպաստել կայուն լուծմանը»։

 

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան բարձր է գնահատել բոլոր նրանց դիվանագիտական ջանքերը, ովքեր հնարավոր են դարձրել գործարքը։ «Զենքերը պետք է հիմա լռեն, իսկ մնացած տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ միջոցներով՝ միջազգային իրավունքի համաձայն։ Եվրոպական միությունը պատրաստ է նպաստել Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության համապարփակ ռազմավարության առաջխաղացմանը»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում