Աշխարհ

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

3 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Մոլդովան և Ուկրաինան առաջիկա օրերին նոր քայլ կանեն Եվրամիությանը միանալու գործընթացում՝ բացելով առաջին բանակցային կլաստերը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, այս մասին հունիսի 9-ին Բրյուսելում կայացած համաժողովում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ որոշումը կնշանավորի անցումն անդամակցության գործընթացի հաջորդ փուլ։

«Առաջիկա օրերին մենք կբացենք առաջին կլաստերն Ուկրաինայի և Մոլդովայի հետ։ Սա գործնականում բացում է դուռն անդամակցության գործընթացի հաջորդ փուլի՝ բանակցությունների պաշտոնական մեկնարկի համար»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Հայտարարությունն արվել է Ռուսաստանի դեմ Եվրամիության կողմից պատրաստված պատժամիջոցների 21-րդ փաթեթի ներկայացման համատեքստում։ Իր ելույթում Եվրոպական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է ինչպես Ուկրաինային աջակցությանը, այնպես էլ ԵՄ ընդլայնման քաղաքականությանը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև ընդգծել է Ուկրաինայի կողմից իրականացվող բարեփոխումների առաջընթացը։

«Ուկրաինան արդյունքներ է արձանագրել։ Ժամանակն է, որ մենք նույնպես արձանագրենք դա։ Մենք հիմա պատմական հնարավորություն ունենք դա անելու», - ասել է նա։

Մոլդովան Եվրամիությանը միանալու իր դիմումը ներկայացրել է 2022 թվականի մարտի 3-ին, իսկ 2022 թվականի հունիսի 23-ին ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ՝ բարեփոխումները շարունակելու առաջարկով։ 2023 թվականի նոյեմբերին եվրոպական գնահատականները հաստատել են Մոլդովայի առաջընթացը։ 2024 թվականի հունիսի 25-ին պաշտոնապես մեկնարկել են անդամակցության բանակցությունները։

2025 թվականի սեպտեմբերին Մոլդովան ավարտել է ԵՄ-ի հետ երկկողմանի սկրինինգը՝ մի փուլ, որը վերլուծում է ազգային օրենսդրության համատեղելիությունը եվրոպական օրենսդրության հետ: 2025 թվականի դեկտեմբերի կեսերին երկիրը սկսել է առաջին բանակցային գլուխների վերաբերյալ տեխնիկական քննարկումներ: Մոլդովայի իշխանություններն ընդգծել են, որ այս փուլը նշանավորում է անդամակցության բանակցությունների վճռորոշ փուլը, որը կհանգեցնի Մոլդովայի՝ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացի ապագա առաջընթացին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում