Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

4 րոպեի ընթերցում

Միջազգային դիտորդական առաքելություններն այսօր ներկայացրին իրենց համատեղ գնահատականները հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրությունների նախնական արդյունքների և եզրակացությունների մասին համատեղ հայտարարությունը կազմել էին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ), Եվրոպական խորհրդարանի (ԵԽ), ԵԱՀԿ և Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակությունները:

«2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն։ Ընտրական գործընթացը եղել է լավ կազմակերպված»,- նշված է հայտարարության մեջ։

Միջազգային դիտորդներն ընդգծել են ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, հիմնարար ազատությունների պաշտպանության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հանրային վստահության խթանման շարունակական ջանքերի կարևորությունը։

«Ընտրական գործընթացը կարգավորվել է ընտրություններին վերաբերող վերանայված օրենքներով և կանոնակարգերով, որոնք ամուր հիմք են հանդիսանում ժողովրդավարական ընտրությունների համար։ Վերջին տարիներին կատարված փոփոխությունները հիմնականում իրականացվել են լայնածավալ բանակցային գործընթացի միջոցով և իրավական շրջանակը բարելավվելու ուղղությամբ։ Ընտրական վարչակազմը պրոֆեսիոնալ և արդյունավետ կերպով կառավարել է ընտրությունների տեխնիկական նախապատրաստական աշխատանքները։ Դիտարկված ընտրատեղամասերի մեծ մասում ընտրությունների օրվա ընթացքը գնահատվել է բացարձակապես դրական»,- նշված է հայտարարության մեջ։

Միջազգային դիտորդների գնահատմամբ՝ ընտրություններն, ընդհանուր առմամբ, խաղաղ էին և առանց միջադեպերի։ Ըստ նրանց՝ ընտրական գործընթացը հանգիստ էր և շատ լավ կազմակերպված։ Ընթացակարգերը մանրակրկիտ կերպով պահպանվել էին, և հաշվարկից առաջ փոքր անհամապատասխանություններն ուշադիր ստուգվել էին։

«Թեև քարոզարշավը խիստ բևեռացված էր, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության ընտրողներին տրվեց պրոֆեսիոնալ կերպով կառավարվող ընտրական գործընթացում կենսունակ ու բազմակարծիք ընտրություն կատարելու հնարավորություն, և նրանք օգտվեցին դրանից։ Ընտրատեղամասերի բացման և քվեարկության գործընթացները, դիտարկումների ճնշող մեծամասնության շրջանակներում, գնահատվել են դրական։ Քվեարկության գաղտնիությունը հիմնականում պահպանվել է։ Ձայների հաշվարկի գործընթացը նույնպես գնահատվել է դրական»,- ասված է հայտարարության մեջ։

ԺՀՄԻԳ-ը կհրապարակի վերջնական զեկույց ընտրական գործընթացի ավարտից հետո մի քանի ամիս անց։ ԵԱՀԿ ԽՎ-ն իր զեկույցը կներկայացնի Մշտական հանձնաժողովի հաջորդ նիստում։ ԵԽԽՎ-ն իր զեկույցը կներկայացնի 2026 թվականի սեպտեմբերին Ստրասբուրգում կայանալիք նստաշրջանի ընթացքում։ ԵԽ-ն իր զեկույցը կներկայացնի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության առաջիկա նիստերից մեկում, ինչպես նաև Եվրոպական ժողովրդավարության պաշտպանության հատուկ հանձնաժողովում։  

ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը 42 երկրներից գործուղվել էր 457 դիտորդ, այդ թվում՝ ԺՀՄԻԳ-ի 322 դիտորդ, ինչպես նաև ԵԱՀԿ ԽՎ-ի 93 անդամից բաղկացած պատվիրակություն, ԵԽԽՎ 27 անդամից բաղկացած պատվիրակություն և ԵԽ-ի 15 անդամից բաղկացած պատվիրակություն։ Նրանց կողմից ձայների հաշվարկը դիտարկվել է 158 ընտրատեղամասերում, իսկ արդյունքների ամփոփումը՝ 38 ԸԸՀ-ներում։ 

Հայերեն English Français Русский

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Հայաստան ներմուծվող և Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ. ՊԵԿ