Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայացրել է ընտրացուցակների վերջնական պատկերը
6 րոպեի ընթերցում
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրեց ընտրացուցակների ճշգրտման և ընտրական գործընթացին առնչվող աշխատանքների արդյունքները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավթյանը նշեց, որ ընտրացուցակների հետ կապված ահազանգերի մեծ մասը ստացել է պարզաբանում:
Նրա խոսքով՝ նախնական ընտրացուցակների հրապարակումից հետո իրականացվել են քաղաքացիների տվյալների ճշգրտման, դիմումների ընդունման և ընտրողների ցուցակների թարմացման լայնածավալ աշխատանքներ։ Ընդունվել են դիմումներ ինչպես հաշվառման հասցեի փոփոխության, այնպես էլ տարբեր ընտրատեղամասերում ընդգրկվելու վերաբերյալ։
Դավթյանը նշեց, որ ստացվել է ավելի քան 36 հազար դիմում, որոնցից շուրջ 29 հազարը համապատասխան ընթացակարգերով մշակվել և հաստատվել են։ Դրանց թվում են ընտրողների գտնվելու վայրի փոփոխության, հաշվառում չունեցող անձանց, ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների դիմումները։
«Նախնական ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 2 միլիոն 480 հազար 321, իսկ վերջնական ցուցակներում այն հասել է 2 միլիոն 485 հազար 551-ի։ Թվի աճը բնական է, քանի որ նախնական ցուցակների հրապարակումից հետո բազմաթիվ քաղաքացիներ կարգավորել են փաստաթղթերի, հաշվառման կամ այլ վարչական հարցեր, ինչի արդյունքում ընդգրկվել են վերջնական ցուցակներում»,-նշեց Դավթյանը։
Նա նշեց, որ հունիսի 2-ից մինչև 6-ը ներառյալ ընդունվել են նաև քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու դիմումներ, որոնց թիվը կազմել է 1180։ Դիմումների ընդունումը շարունակվել է մինչև քվեարկության օրվա ավարտը։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տրամադրել է նաև անձը հաստատող փաստաթղթին փոխարինող 620 տեղեկանք, ինչը քաղաքացիներին հնարավորություն է տվել ընդգրկվել լրացուցիչ ցուցակներում և իրացնել ընտրելու իրավունքը։
Անդրադառնալով ընտրողների թվի 2021 թվականի համեմատ նվազմանը՝ Դավթյանը պարզաբանեց, որ պատճառը Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններն են։ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած կարգավորման համաձայն՝ ընտրացուցակներում ընդգրկվում են միայն այն քաղաքացիները, որոնց անձը հաստատող փաստաթղթերը վավեր են կամ որոնց վավերականության ժամկետը լրացել է ոչ ավելի, քան վեց ամիս առաջ։ 2021 թվականին նման սահմանափակում չի գործել:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի խոսքով՝ ընտրողների թիվը հաշվարկվում է ոչ թե Հայաստանի մշտական բնակչության, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց ընդհանուր թվի հիման վրա՝ անկախ նրանց բնակության վայրից։
Ընտրացուցակների հետ կապված հարցերի համար գործող թեժ գծին վերջին երկու օրում ստացվել է 3831 զանգ: Զանգերի հիմնական մասը վերաբերել է ընտրացուցակների ճշգրտման, հաշվառման հասցեների, անձը հաստատող փաստաթղթերի և ընտրություններին մասնակցելու կարգի վերաբերյալ հարցերին։
Դավթյանը նաև անդրադարձավ դատարաններում քննվող գործերին՝ կապված ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջների հետ։ Նրա խոսքով՝ ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող կամ փախստականի կարգավիճակ ունեցող տեղահանված անձանց կողմից ներկայացվել են մի շարք հայցեր, սակայն Հայաստանի օրենսդրության համաձայն ընտրելու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները։
«Քաղաքացիական դատարաններում նմանատիպ 184 հայցադիմում է ներկայացվել, որոնց զգալի մասի ընդունումը մերժվել է։ Վարչական դատարաններում ևս ներկայացվել է 20 հայց՝ ընտրողների ցուցակներում փոփոխություններ կատարելու պահանջով»,-ասաց նա:
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նշեց, որ ամենահաճախ հանդիպող խնդիրները կապված են հաշվառումից դուրս գալու, անձը հաստատող փաստաթղթերի ժամկետի լրանալու կամ ընտրացուցակներում տվյալների բացակայության հետ։ Նրա խոսքով՝ գործող օրենսդրությունը նախատեսում է այդ հարցերի կարգավորման իրավական մեխանիզմներ, այդ թվում՝ դատարան դիմելու հնարավորություն։
«2024 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններից հետո ընտրողների ծանուցումների տրամադրման նախկին կարգը փոխվել է, և քաղաքացիները կարող են անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ պաշտոնական աղբյուրներից»,-նշեց նա:
Նա ընդգծեց, որ ընտրելու իրավունք չունեն այն անձինք, որոնց քաղաքացիությունը դադարեցվել է, դատարանի կողմից անգործունակ ճանաչված քաղաքացիները, ինչպես նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար մեղադրվող անձինք:
Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։