Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

4 րոպեի ընթերցում

Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում նշել է, որ քարոզարշավն անցել է հագեցած, բազմաթիվ տարբեր ձևաչափի հանդիպումներով։

«Շփվել ենք տասնյակ հազարավոր մարդկանց հետ և համոզված ենք, որ մեր ընտրական զանգվածը կիսում է մեր ծրագրերը։ Բայց այս հանդիպումները նաև հնարավորություն են տվել մեզ համալրել ծրագրերը։ Լսել ենք առաջարկներ ինտերակտիվ հանդիպումների ժամանակ և հասկացել, որ ինչ-որ փոփոխություններ պետք է մտցնենք»,-ասել է Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով իրենց հանդիպած քաղաքացիներին ցուցաբերած ակտիվության համար։

Անդրադառնալով դաշինքի ծրագրերին՝ Քոչարյանը ներկայացրել է, որ իրենց արտաքին քաղաքականությունը բացառելու է գերտերությունների հակասությունների վրա խաղը։  

«Մենք պետք է հետևենք շատ պարզ մոդելի՝ և-և, ոչ թե կամ-կամ։ Սա է մեր հաջողության գրավականը։ Ես դա կարող եմ անել և ցույց եմ տվել, թե ոնց է կարելի դա հաջողությամբ իրականացնել։ Մեր պարագայում ժողովուրդն ի վիճակի է լինելու փող աշխատել հսկայական ԵԱՏՄ շուկայում և այդ փողը ծախսել աշխարհով մեկ՝ ով որտեղ ուզում է»,-հայտարարել է նա՝ հավաստիացնելով, թե «ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի ստեղծած խնդիրը կարող է լուծել մեկ օրում»։

Քոչարյանի հավաստմամբ՝ ինքն ի վիճակի է նաև ավելի շուտ հասնել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմին։

Ներկայացնելով անվտանգության ոլորտի ծրագրերը՝ նա նշել է, որ իրենց մոդելն ունիվերսալ և պարզ է՝ ունենալ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից։

«Ես երաշխավորում եմ, որ մենք վերականգնելու ենք հարգանքը Հայաստանի նկատմամբ։ Մենք ձգտում ենք խաղաղության և հասնելու ենք դրան՝ կայուն և արժանապատիվ խաղաղության։ Իմ նախագահության ժամանակ դա հաջողվել է և անելու եմ ևս մեկ անգամ։ Խաղաղությունը ստորագրվելու է հավելվածներով, որոնցով երաշխավորվելու է այդ խաղաղությունը»,-հավելել է քաղաքական ուժի առաջնորդը։

Քոչարյանի տեսլականով՝ իր իշխանության գալու դեպքում Հայաստանը լինելու է ժամանակակից արդյունաբերական երկիր և դառնալու է Հարավային Կովկասում ամենագրավիչ երկիրը ներդրումների համար՝ զարգացած գյուղատնտեսությամբ և ֆինանսական համակարգով։

«Վստահաբար խոստանում եմ, որ մենք ունենալու ենք ամենից ուժեղ, ամենից հետաքրքիր բովանդակությամբ երկիրը Հարավային Կովկասում և ունենալու ենք երկիր, որը հիմնված է լինելու ազգային արժեքային համակարգի վրա»,-ընդգծել է նա։

Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում ոչ մեկ չունի իր փորձն անվտանգության, պետական կառավարման, ինչպես նաև խոշոր բիզնեսի հետ աշխատելու հարցերում։  

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Հայերեն Español Русский