Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
3 րոպեի ընթերցում

Սալոնիկի Հունական միջազգային համալսարանում (International Hellenic University) Հունաստանի ՅՈՒՆԻՍեՖ-ի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության թեմային նվիրված բարձր մակարդակի միջոցառում, որին մասնակցել են մի շարք երկրների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտային փորձագետներ։
Միջոցառմանը մասնակցել, պանելային քննարկումներից մեկը նախագահել և eլույթով հանդես է եկել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, իր ելույթում դեսպան Մկրտչյանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին՝ ընդգծելով 2025 թվականին ընդունված «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» նոր օրենքի կարևորությունը, ինչպես նաև կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում իրականացվող ծրագրերը։
Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով կազմակերպության կարևոր ներդրումը երեխաների իրավունքների պաշտպանության, ներառական կրթության, առողջապահության և սոցիալական աջակցության համակարգերի զարգացման գործում։
Ելույթի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև թվային միջավայրում երեխաների պաշտպանության, առցանց անվտանգության, ինչպես նաև ապատեղեկատվության և այլ ժամանակակից մարտահրավերների պայմաններում երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային համագործակցության անհրաժեշտությանը։
Դեսպանն առանձին անդրադարձ է կատարել Հայաստանի դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերին, աշխատանքներին, միջոցառումներին, ինչպես նաև ընդծել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ 2025-2026 ուսումնական տարին հանրակրթական համակարգում հռչակվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։
Միջոցառման մասնակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների, լավագույն փորձի և բազմակողմ համագործակցության հեռանկարների շուրջ։