2 րոպեի ընթերցում
Վերջին շրջանում ակտիվացել են հանրային խոսակցությունները Հայաստանում փոքր և գերփոքր բիզնեսը հարկային պարտավորություններից ազատելու վերաբերյալ։ Ըստ մասնագետների՝ դրանք կրում են մանիպուլատիվ, մոլորեցնող և պոպուլիստական բնույթ։ Բովանդակությամբ անիրական են և ռիսկային՝ երկրի տնտեսության զարգացման համար։ Մասնավորապես, գերփոքր բիզնեսը կարևոր դեր ունի երկրի տնտեսության աճի համար և, փաստացի, վերջին տարիներին աճում է և քանակապես, և շրջանառությամբ։ Այս թեմայով ուսումնասիրել ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի ամենաթարմ տվյալները, որոնք ընդգրկում են 2018-2024 թվականները։
Համաձայն «Փոքր եվ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1․1 կետի՝ գերփոքր են համարվում առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը։
Միայն 2024 թվականին՝ բոլոր հարկատեսակները հաշված՝ գերփոքր ձեռնարկատիրությունների մասնաբաժինը կազմել է տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսավարողների կողմից պետբյուջե վճարման ենթակա հաշվարկված հարկերի 20.2%-ը։ 2018-2024 թվականներին Հայաստանում գերփոքր ձեռնարկատիրությունների քանակն ավելացել է 68.6%-ով։ Մոտ 4 անգամ կամ շուրջ 295%-ով աճել է գերփոքր ձեռնարկատիրությունների արտադրած ապրանքների ու մատուցած ծառայությունների ծավալը՝ շրջանառությունը։
Վերոնշյալ տվյալները փաստում են, որ գերփոքր և փոքր ձեռնարկատիրություններին հարկային պարտավորություններից հնարավոր ամբողջական ազատումը էապես կբարձրացնի ներքոնշյալ ռիսկերը․
● Ստվերային ձեռնարկատիրությունների թվի աճի խթանում
● Հարկային թափանցիկության մակարդակի նվազում
● Խոշոր կազմակերպությունների կամավոր մասնատում
Թեմայի վերաբերյալ այս և այլ կարևոր տվյալները՝ վիզուալներում․