Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

3 րոպեի ընթերցում

«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արման Թաթոյանը համոզված է, որ առանց հզոր գիտության հնարավոր չէ ունենալ ուժեղ պետություն, բանակ և տնտեսություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաթոյանը կարևորել է Հայաստանում գիտության զարգացումն ու  գիտնականների սոցիալական խնդիրների լուծումը։

«Հայաստանի ամենամեծ հարստությունը մարդկանց մտքերում է»,- նշել է նա՝ շեշտելով, որ տարիներ շարունակ գիտնականները ստիպված են եղել զբաղվել ոչ թե բացառապես գիտությամբ, այլ հաղթահարել մի շարք դժվարություններ։

Նրա գնահատմամբ՝ այդ իրավիճակի հետևանքով բազմաթիվ մասնագետներ հեռացել են գիտական ոլորտից կամ արտագաղթել են։

Թաթոյանը վստահեցրել է, որ իրենց ծրագրերում կարևոր տեղ ունի գիտության զարգացումը, գիտնականների աշխատանքի արժևորումն ու երիտասարդ մասնագետների ներգրավումը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ապահովել բարձր աշխատավարձեր, արժանապատիվ պայմաններ և պետական աջակցություն, որպեսզի գիտական միտքը Հայաստանում զարգանա։

«Սիրելի գիտնականներ, ես գիտեմ, թե ինչ է նշանակում գիտական հետազոտությունը, գիշեր- ցերեկ նստել հետազոտելը, գյուտ ստեղծելը, արժեքը տեսնելը, ուրախանալը այդ արժեքով։ Ես անձամբ ուշադիր եմ լինելու այս բոլոր հարցերին, որովհետև մեր թիմում էլ կան գիտնականներ, որ հասկանում են այս բոլոր խնդիրներից»,-հավելել է նա։

Արման Թաթոյանը  քաղաքացիներին կոչ է արել քվեարկել իր ղեկավարած քաղաքական ուժի օգտին՝ նշելով, որ դա հնարավորություն կտա Հայաստանում ունենալ պաշտպանված գիտնականներ, բարձր աշխատավարձ, աշխատանքի արժանապատիվ պայմաններ։

Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ 

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։

Հայերեն

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Հայաստան ներմուծվող և Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ. ՊԵԿ

Սոֆիայում անցկացվում է Հաշվողական լեզվաբանության 7-րդ միջազգային գիտաժողովը. BTA