Քաղաքականություն

Արման Թաթոյանը Մարտունիում ընտրողներին ազնիվ ու արդար աշխատանք է խոստացել

2 րոպեի ընթերցում

Արման Թաթոյանը Մարտունիում ընտրողներին ազնիվ ու արդար աշխատանք է խոստացել

«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավի 26-րդ օրն անցել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արման Թաթոյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել գնալ ընտրատեղամասեր և քվեարկել հանուն երկրի ապագայի։ «Քվեախցիկում ամեն ինչ գաղտնի է, և ոչ ոք չի կարողանալու ձեզ ճնշել կամ իմանալ, թե ում օգտին եք քվեարկել։ Դուք մտածեք, թե ով կարող է ձեր երեխաների համար ճիշտ որոշումներ կայացնել ապագայում` մեր պետականության համար կարևոր այս պատմական ընտրություններում»,-նշել է նա։

Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարտունին իր համար փոքրիկ հայրենիք է, քանի որ մանկությունն այնտեղ է անցել, և ինքը շատ լավ գիտի տեղի խնդիրները։ «Ես պարտավորվում եմ հատկապես առանձին խնդիրներին հատիկ-հատիկ անդրադառնալ»,-նշել է Թաթոյանը՝ հավելելով, որ հրաշքներ խոսք չի տալիս, բայց ազնիվ ու արդար աշխատանք է խոստանում։ «Ինձ համար կարևոր արժեք է, որ դուք երբեք չամաչեք ինձ ձայն տալու համար։ Ես պատկերացնում եմ, թե ինչպես պետք է մարդկանց խնդիրները լուծել։ Հայաստանում չկա որևէ հարց, որ հայերով չկարողանանք լուծել»,-հավելել է Արման Թաթոյանը։

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները Մարտունիում քարոզարշավի ընթացքում քայլել են փողոցներով, քարոզչական թռուցիկներ բաժանել քաղաքացիներին՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին։

Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում