«Ուժեղ Հայաստան» դաշինքը հանրահավաք անցկացրեց Արաբկիրում

5 րոպեի ընթերցում

Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քարոզարշավի շրջանակում հունիսի 1-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը հանրահավաք անցկացրեց Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դաշինքի անդամ Հայկ Ֆարմանյանն ընդգծեց, որ բոլոր ընտրությունների ժամանակ Արաբկիրի բնակիչներն ասել են իրենց վճռական խոսքը։ Նա հորդորեց մասնակցել ընտրություններին և քվեարկել համար 3-ի օգտին։ 

«Մենք պետք է ընտրենք հայանպաստ ծրագրերը։ Հունիսի 7-ին ընտրության գնալով՝ մենք ընտրելու ենք ամուր և կայուն խաղաղություն, որտեղ մեր ժամկետային զինծառայողները վարձատրվելու են, ծառայությունը դառնալու է մեկ տարի, մեր երեխաների համար ընտրելու ենք անվճար կրթության հնարավորությունը, մենք ընտրում ենք 300 հազար աշխատատեղերը, ընտրում ենք արժանապատիվ կենսաթոշակներ, որ մեր ծերերը, տարեցներն ապրեն արժանապատիվ կյանքով և շատ այլ ծրագրեր»,-շեշտեց Ֆարմանյանը։

Դաշինքի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ, լինելով Արաբկիրից, շատ լավ գիտի, որ արաբկիրցիները չափազանց խստապահանջ են, ուստի նրանց առաջ կանգնելը պատիվ ու պատասխանատվություն է։ Նա շեշտեց՝ նրանք չեն ներում սուտ խոսելը։

«Վերջին տարիները մեզ շատ կարևոր բան են ցույց տվել, որ պետք է պահպանել հայկական ավանդույթները։ Մենք նաև ունենք կոնկրետ ծրագրեր. ծրագրերից է 300 հազար աշխատատեղ բացելը, որը Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպես ենք պատկերացնում այդ ա-ից մինչև բ կետը։ Կարևոր է նաև ծայրահեղ աղքատության վերացումը։ Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, այնինչ Հայաստանում 30 հազարից ավելի թերսնված մարդ կա։ Մենք ասում ենք, որ ունենք այդ ամենի լուծումները, և հայ մարդն ու հայ երեխան արժանի են ապրել բարեկեցիկ ու արժանապատիվ հայրենիքում»,-ասաց Վարդևանյանը։

Նա ևս շեշտեց, որ չափազանց կարևոր է գնալ ընտրությունների, քանի որ սա ճակատագրական ընտրություն է լինելու և պետք է քվեարկել փոփոխությունների համար։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շնորհավորեց երեխաներին Հունիսի 1-ի առթիվ և ասաց, որ պետք է անեն հնարավորը, որ երեխաները չառերեսվեն այն խնդիրներին, որոնց իրենք են բախվել։ «Նրանք չպետք է տեսնեն այն դժվարությունները, որոնք մենք ենք տեսել վերջին տարիներին։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ գալիք սերունդը բարեկեցիկ ապրի, չտեսնի այն խնդիրները, որոնք մենք ենք տեսել։ Երբ փոքր էինք ու կարդում էինք մեր նախնիների խնդիրների մասին, մտածում էինք, որ այդ ամենը մեզ չի հասնի, այդպես չի լինի, որովհետև մենք 21-րդ դարում ենք ապրում։ Մեծացանք, տեսանք պատերազմներ, համաճարակ, խժդժություն, ատելություն և այլն։ Եթե ուզում ենք, որ մեր երեխաներն այդ ամենը չտեսնեն, պետք երկրի մոդելը փոխենք։ Մեր հանրապետությունն ու անկախությունն ամենաթանկ բաներն են, որ ունենք։ Անկախությունը հնարավորություն է տալիս, որ մենք որոշենք, թե ինչպես ենք առաջ շարժվելու։ Մեզ պետք է նոր մոդելի պետություն՝ ժամանակակից, արագ, դինամիկ, որպեսզի տարածաշրջանի բոլոր երկրները մեզնից օրինակ վերցնեն»,-ասաց Կարապետյանը։

Հունիսի 3-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը կրկին մեծ հանրահավաք կանցկացնի։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Դաշինքի կարգախոսն է՝ «Փոփոխություն»։ Այն ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։

Հայերեն Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը