Տավուշի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն ավարտվեց մեծ հանրահավաքով
3 րոպեի ընթերցում

Տավուշի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը մայիսի 30-ին ամփոփվեց Իջևանի Ազատամարտիկների հրապարակում հրավիրված մեծ հանրահավաքով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ Իջևանի զբոսայգին, որը բաժանվել էր 16 կտորների, վերադարձված է հանրությանը շատ ավելի լավ վիճակում, քան երբևէ եղել է:
«Իջևան քաղաքի զբոսայգին, ըստ էության, ամբողջությամբ նորոգված է, Իջևանի լեգենդար շատրվանները վերստին աշխատում են, Իջևանի զբոսայգում կառուցվել է ամֆիթատրոն և Իջևանի զբոսայգու լիճը, որ տասնյակ տարիներով չէր գործում, հիմա դարձել է ժամանակակից լողավազան երեխաների համար»,-ասաց նա` հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունն էլ է այդ նույն ձևով վերադարձվել ՀՀ քաղաքացիներին, որովհետև Հայաստանի քաղաքացին այսօր տեր է, քան երբևէ, որոշող է, ավելի քան երբևէ:
«Հայաստանում չկա որևէ կազմակերպություն, որևէ այլ ֆորմալ ուժ, որ կարող է ավելի ուժեղ լինել, քան Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: Իջևանի զբոսայգին, որ այլևս չէր պատկանում քաղաքացուն, հեղափոխությունից հետո վերադարձվեց ժողովրդին: Այսօր որևէ մեկը չի կարող պարծենալ ժողովրդից ավելի ուժեղ լինելու մեջ»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով` Տավուշի մարզում, մանկապարտեզներ, որ ապօրինի օտարված են եղել, վերադարձվել են ժողովրդին:
«Վարչաբենդը» քարոզարշավի վերջում կատարեց «Իրական Հայաստան» երգը: Իջևանի երկինքը զարդարեց դրոն շոուն:
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։