Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը աջակիցների հետ քարոզարշավային օրն անցկացրեց Սարդարապատում

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը աջակիցների հետ քարոզարշավային օրն անցկացրեց Սարդարապատում

«Հայաստան» դաշինքի անդամները՝ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ, այցելեցին Սարդարապատ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հերթական օրը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հանդիպեցին աջակիցների հետ և ելույթներ ունեցան հենց Սարդարապատի հուշահամալիրի տարածքում։

Ռոբերտ Քոչարյանը, շնորհավորելով ներկաներին Հանրապետության օրվա կապակցությամբ, ընդգծեց, որ Սարդարապատը Հայաստանի պատմության պարզապես էջ չէ։ Սարդարապատը հիշեցնում է, թե ինչ կարող է անել հայ ժողովուրդը, երբ վտանգված է պետականությունը, և երբ ժողովուրդը միասնական է։

«108 տարի առաջ մեր ժողովուրդը կանգնեց ընտրության առաջ և ընտրեց պայքարը, պետությունը։ Այսօր իրավիճակն այլ է, բայց վտանգը նույնքան իրական է։ Այս տարիներին Հայաստանը թուլացել է ներսից, պառակտվել է, հոգնել է ստից, ատելությունից և անպատասխանատվությունից։ Մարդիկ հոգնել են հավերժ խոստումներից, քաոսից և պարտություններից։

Բայց կա մի ճշմարտություն՝ պետությունը չի պահպանվում ինքն իրենով։ Պետությունը պահում են մարդիկ՝ իրենց կամքով, պատասխանատվությամբ և որոշմամբ։ Ուստի, հունիսի 7-ը սովորական կամ հերթական ընտրության օր չէ։ Սա ընտրություն է հետևյալի շուրջ՝ կկարողանա՞նք նույն պատասխանատվությամբ պահպանել մեր պետականությունը»,- նշեց Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ այսօր հայ ժողովրդից պահանջվում է ընդամենը մեկ բան՝ սթափ որոշում։

«Մենք պարտավոր ենք ինքներս մեզ հարց տալ, թե ինչ երկրում ենք ուզում ապրել և ինչ երկիր ենք թողնելու մեր սերունդներին՝ ուժեղ, ինքնիշխան և հայկական պետություն, թե մի տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները»։

Հանդիպման ընթացքում հնչեցին նաև հայրենասիրական երգեր, որոնց ձայնակցում էին հանդիպման մասնակիցները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում