«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամներն այցելել են Սարդարապատ, Եղվարդ, Բյուրեղավան
3 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ, այցելել է Սարդարապատ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նարեկ Կարապետյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք միջամտություն չի համարում ընտրություններից մեկ շաբաթ առաջ Դոնալդ Թրամփի՝ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելը, նշեց, որ ԱՄՆ նախագահը Հայաստանի դաշնակից երկրի ղեկավարն է և վստահ է, որ «փոփոխությունից հետո նա աջակցություն է հայտնելու նաև Սամվել Կարապետյանին»։
Անդրադառնալով Հանրապետության հրապարակում անցկացված ռազմական շքերթին՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ սա նախընտրական գործընթաց է՝ ցույց տալու համար, որ այս իշխանությունները կարողացել են զենք գնել։
«Բայց ես վստահ եմ, որ հաջորդ իշխանությունները զենքը նվեր են ստանալու, շատ էժան են գնելու, և Հայաստանն ունենալու է լուրջ անվտանգային համակարգ, որտեղ զենքերն իրար հետ համահունչ են լինելու։ Այսինքն՝ մասնագիտական առումով մասնագետները կներկայացնեն, որ մեր զինանոցում կա անհամահունչություն, և դա բերելու է մեծ խնդիրների»,-ասաց նա:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչները հանդիպել և զրուցել են նաև Եղվարդի և Բյուրեղավանի բնակիչների հետ:
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։
Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։