Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները քարոզարշավ են իրականացրել Գեղարքունիքի մարզում

3 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները քարոզարշավ են իրականացրել Գեղարքունիքի մարզում

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները մայիսի 27-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզում են, որտեղ հանդիպել են Մարտունու ու Վարդենիսի բնակիչների հետ։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Վարդենիս քաղաքում իր ելույթի ժամանակ նշել է, որ իրենց կուսակցությունն ունի լավ թիմ, ծրագիր և ցանկություն՝ժողովրդին այս վիճակից հանելու համար։

«Անհնարին ոչինչ չկա։ Այսօր հեռավոր շրջաններում գյուղացին աշխատանք չունի, մարզերը դատարկվում են։ Պետք է զարգացնել գյուղատնտեսությունը»,-ասել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ առողջապահությունն ու կրթությունը Հայաստանում պետք է անվճար լինեն, պետությունն էլ պետք է ներում շնորհի մինչև 3 միլիոն դրամի վարկ ունեցողներին։

«Ներդրումային ծրագրեր են մեզ պետք։ Ես Հիսուս Քրիստոսի արձանն եմ կառուցում, ու դրա մասին ամբողջ աշխարհը գիտի։ Դրանով տուրիզմն է զարգանալու, տնտեսությունը, փոքր ու միջին բիզնեսը»,-նշել է Ծառուկյանը։

Մարտունիում Գագիկ Ծառուկյանը շփվել է քաղաքացիների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին։

«Ես տիրապետում եմ բոլոր ոլորտներին, գիտեմ խնդիրները։ Գյուղացին այսօր բազում կարիքներ ունի, և դրա պատճառն այն է, որ մենք գյուղատնտեսության նախարարություն չունենք։ Պետք է ամեն ինչ անել, որ մարդիկ լավ ապրեն»,-հավելել է Ծառուկյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով՝ 7 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։

ԲՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Նախընտրական նախաձեռնությանը միացել են նաև «Մայր Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։ Ծրագրի հիմնական դրույթներից են երաշխավորված խաղաղության ապահովումը, բանակի հզորացումը, մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների համար վարկային համաներման իրականացումը, ինչպես նաև անվճար կրթության և սոցիալական երաշխիքների ընդլայնումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում