Քաղաքականություն

Քոչարյանը Մեղրիում քարոզարշավային հանդիպմանը խոսել է TRIPP-ի մասին

4 րոպեի ընթերցում

Քոչարյանը Մեղրիում քարոզարշավային հանդիպմանը խոսել է TRIPP-ի մասին

«Հայաստան դաշինք»-ի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` TRIPP նախագծում պետք է ընդգրկված լինի նաև երկիր, որի նկատմամբ Իրանն ունի լիարժեք վստահություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց Մեղրիում նախընտրական քարոզչության ժամանակ լրագրողների հետ հանդիպմանը։ 

Նրա համոզմամբ՝ TRIPP-ը Միացյալ Նահանգների ծրագիրն է Ադրբեջանի ու Թուրքիայի համար և ոչինչ չի տալու Հայաստանին։

«Ես չեմ տեսնում նաև Միացյալ Նահանգների ուղիղ շահերն այստեղ, ավելի ճիշտ տեսնում եմ՝ Իրանի սահմանում ներկա լինելու հանգամանքը։ Այդ տեսանկյունից սա պրոբլեմային է»,-ասաց Քոչարյանը՝ համոզմունք հայտնելով, որ այն հանգեցնելու է Իրանի հետ լրջագույն խնդիրների։

Այդ պատճառով, ըստ նրա, ծրագիրը պետք է համալրվի այլ պետություններով, որոնց նկատմամբ առկա է Իրանի վստահությունը, հակառակ դեպքում՝ այն աշխարհաքաղաքական շահերի բախման առումով խնդրահարույց կարող է լինել։

Ռոբերտ Քոչարյանը նաև այլ տարբերակ է տեսնում՝ Հայաստանի միջոցներով կառուցել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը և այն գործի դնել առանց աշխարհաքաղաքական կոմպոնենտի։

«Հայաստան դաշինք»-ի առաջնորդը չի բացառում, որ նախագծի շրջանակներում ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված, Իրանը կարող է փակել Հայաստանի հետ սահմանը, որը կարևոր հնարավորություն է նաև ԱՄԷ-ի հետ առևտրի, ինչպես նաև Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է համաձայնել մեկ այլ երկրի մասնակցությանը նախագծում, Քոչարյանն օրինակ է բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, բացի այդ ընդգծելով, որ ներկայում էլ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միմյանց հետ քննարկում են Արկտիկայի ռեսուրսների ուսումնասիրման ու համատեղ շահագործման հարցեր։ Ըստ Քոչարյանի՝ Իրանի համար վստահելի երկիր կարող է լինել նաև՝ Չինաստանը։

«Հայաստան դաշինք»-ի առաջնորդը համարում է, որ այդ հարցը հնարավոր է լուծել բանակցելով, որի ընթացքում անպայման պետք է խորհրդակցել Իրանի հետ՝ հասկանալու, թե այս կամ այն ֆորմատն իրենց ընդունելի է, թե ոչ։

TRIPP-ը հայ-ամերիկյան համատեղ ներդրումային նախագիծ է, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կայացած Հայաստան-Ադրբեջան խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։ TRIPP-ի միջոցով նաև ապահովվելու է Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ։  

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։ 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում