Հայաստանում Բուլղարիայի դեսպանատանը նշվեց Սուրբ Կիրիլի և Մեթոդիոսի, բուլղարական այբուբենի օրը
2 րոպեի ընթերցում

Սուրբ Կիրիլի և Մեթոդիոսի, բուլղարական այբուբենի, կրթության և մշակույթի, ինչպես նաև սլավոնական գրականության օրվա առթիվ Հայաստանում Բուլղարիայի դեսպանատանը կազմակերպվեց ընդունելություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման շրջանակում բուլղարացի անվանի բանաստեղծ Պեյո Յավորովի անվան հ. 131 հիմնական դպրոցի սաները կատարեցին Հայաստանի և Բուլղարիայի ազգային օրհներգերը։ Աշակերտները ներկայացրեցին նաև հայ-բուլղարական ազգային պարեր և երգեր։

ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ այս տոնը հատուկ նշանակություն ունի ոչ միայն Բուլղարիայի, այլև բոլոր այն ժողովուրդների համար, որոնք կիսում են սլավոնական գրերի և մշակույթի հոգևոր ժառանգությունը։

«Սուրբ Կիրիլի և Մեթոդիոսի գործունեությունը ծառայում է որպես կամուրջ ազգերի միջև՝ դառնալով մշակութային ինքնության, ժառանգության, ազգային հպարտության և փոխադարձ հարգանքի խորհրդանիշ։
Այսօր, առավել քան երբևէ, մայիսի 24-ը բուլղարացիների և մյուս սլավոնական ժողովուրդների համար պարզապես օրացուցային ամսաթիվ չէ։ Այն օր է, որը խորհրդանշում է կրթության, մշակույթի և գրագիտության ոգին։
Մենք նշում ենք ոչ միայն պատմական նվաճում, այլև կենդանի ավանդույթ, որը շարունակում է ոգեշնչել և ձևավորել մեր հասարակությունները։ Այս օրը գիտելիքի և մշակութային ժառանգության անսասան ուժի իրական վկայությունն է։
Շնորհակալություն այս ուրախալի տոնը միասին նշելու համար»,- նշեց դեսպանը։

Միջոցառման ընթացքում պարային և երաժշտական համարների, ինչպես նաև միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար դեսպանությունը պատվոգրեր հանձնեց «Խաչատրյան» պարային խմբի ղեկավար Էդուարդ Խաչատրյանին և երգչախմբի գեղարվեստական ղեկավար Աշխեն Շահազիզյանին։