Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները շարունակում են քարոզարշավը Սյունիքի մարզում

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները շարունակում են քարոզարշավը Սյունիքի մարզում

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ դաշինքի առաջնորդ և նախընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, շարունակում են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը Սյունիքի մարզում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  քարոզարշավի շրջանակներում Քաջարանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հորդորել է բոլորին գնալ ընտրության և քվեարկել իրենց ուժի օգտին։

«Կարող ենք միանշանակ ասել, որ չեք փոշմանելու։ Հայաստանը արդյունաբերական երկիր դարձնելը մեր ծրագիրն է, և մինչև արդյունաբերական երկիր չդառնանք, տարածաշրջանում դերակատարում չենք ունենա»,-ասել է Քոչարյանը՝ խոստանալով նաև լուծում տալ քաջարանցիներին հուզող ընթացիկ մյուս հարցերին։

Դաշինքի ներկայացուցիչները մայիսի 26-ին հանդիպել են նաև Մեղրի քաղաքի բնակիչների հետ։

Ժամը 18։30-ին էլ դաշինքը հանրահավաք է հրավիրել Կապան քաղաքում։

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում