Աշխարհում, այդ թվում՝ ԱՊՀ սահմաններին ռազմաքաղաքական իրադրությունն զգալիորեն բարդացել է. Պուտին
2 րոպեի ընթերցում

Աշխարհում իրադրությունն զգալիորեն բարդացել է, անկայունության նոր օջախներ են ի հայտ եկել, այդ թվում՝ ԱՊՀ երկրների սահմանների մերձակայքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում՝ ուղղված ԱՊՀ երկրների Անվտանգության մամինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստի մասնակիցներին:
«Այսօր աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունն զգալիորեն բարդացել է: Լուրջ ճգնաժամ է ընդգրկել Մերձավոր Արևելքը: Անկայունության նոր օջախներ են ի հայտ եկել, այդ թվում, մեր սահմանների մերձակայքում: Այս առումով կարևոր է առավելագույնս օգտագործել ձեր կառույցների վերլուծական, կադրային, օպերատիվ, տեխնիկական հնարավորությունները՝ հնարավոր ներքին և արտաքին սպառնալիքներից ամբողջ Համագործակցության հուսալի պաշտպանության համար, կանոնավոր կերպով փոխանակել տեղեկատվություն, մշակել միասնական մոտեցումներ ընդհանուր խնդիրների լուծման հարցում», - ՌԴ նախագահի ուղերձից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Պուտինը նշել է, որ նիստում պետք է առարկայորեն քննարկել լայն շրջանակի մասնագիտական հարցեր: Դրանց թվում են ավելի արդյունավետ հակազդումն ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, անդրազգային կազմակերպված հանցավորությանը, կիբեռհանցագործություններին և անվտանգության այլ համակարգային սպառնալիքների:
«Վստահ եմ, որ նիստի արդյունքները կծառայեն մեր երկրների և ժողովուրդների անվտանգ և կայուն զարգացման ապահովմանը: Մաղթում եմ Ձեզ բեղմնավոր աշխատանք և հաջողություններ», - եզրափակել է Ռուսաստանի նախագահը: