«Ուժեղ Հայաստան»-ը իշխանության գալու դեպքում խոստանում է արգելել ադրբեջանցիներին անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում
3 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում կառավարության առաջին նիստում կընդունեն «Սաֆարովի կանխարգելման օրենք» կոչվող նախագիծ, որով նախատեսվում է արգելել Ադրբեջանի քաղաքացիներին Հայաստանում անշարժ գույք ձեռք բերել։
«Մենք մեր կառավարության հենց առաջին նիստին կընդունենք օրենք, որն արգելում է ադրբեջանցիներին հող և գույք ձեռք բերել կամ դրանք որպես նվիրատվություն ստանալ Հայաստանի տարածքում։ Մենք այդ օրենքն անվանել ենք «Սաֆարովի կանխարգելման օրենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դաշինքի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկման ժամանակ ասել է Կարապետյանը։
Նախաձեռնության մանրամասները ներկայացրել է դաշինքի ցուցակի երկրորդ համար Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ առաջարկվող օրենսդրական փաթեթը վերաբերում է Ադրբեջանի քաղաքացիներին և ադրբեջանական իրավաբանական անձանց։
«Մենք առաջարկում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ՝ որպես իրական շահառու, ՀՀ-ում գործունեություն ծավալող, չի կարողանա ձեռք բերել մեր երկրում որևէ անշարժ գույք»,- ընդգծել է նա։
Թեև ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է՝ «հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի», Վարդևանյանը կարծում է, որ օրենսդրությամբ պետք է ամրագրվի նաև անշարժ գույք ձեռք բերելու արգելքը:
Վարդևանյանը, իրենց քաղաքական թիմում ընդգրկված անձանց նախագիծը ներկայացնելիս, հարկ համարեց հիշեցնել, թե ով է Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը և թե ինչու է իրենց նախագիծը կոչվելու «Սաֆարովի կանխարգելման օրենք»:
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո՝ «Փոփոխություն» կարգախոսով։
Կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ընտրական ցուցակում ներառված չէ, քանի որ ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն և չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու։ Միաժամանակ կուսակցության ներկայացուցիչները շարունակում են հայտարարել, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։
Նա ներկայում գտնվում է տնային կալանքի տակ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։