4 րոպեի ընթերցում
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն
Ակա Մորչիլաձե, «Ճամփորդություն Ղարաբաղ» վեպ
1990-ականների Թբիլիսի, քաղաքական խառը իրավիճակ: Խառն են նաև Գիոյի մտքերը՝ թիֆլիսցի մի երիտասարդի, որն ատում է բոլորին ու ամեն ինչ, բացի Յանայից, և բնազդորեն պայքարում բոլոր սահմանափակումների դեմ: Թմրանյութ բերելու նպատակով ընկերների հետ մեկնելով Ադրբեջան նա հանգամանքների բերումով հայտնվում է Ղարաբաղում, որը, չնայած պատերազմական իրավիճակին, Գիոյի համար դառնում է ինքնամեկուսացման ու մտավոր ազատության տարածք, որտեղ նա կարողանում է իր կյանքին այլ դիտանկյունից նայել:
Չնայած գործողությունների ժամանակագրական ու տարածական հստակությանը՝ պատմական վեպ չէ, այլ հոգեբանական և սերնդային պատում, որտեղ պատմական դեպքերը ներկայանում են ոչ որպես փաստագրություն, այլ որպես միջավայր, որն օգնում է բացահայտել հերոսի ներաշխարհը: Թարգմանությունը վրացերենից՝ Անի Աստատուրյանի։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Մանկապատանեկան գրականություն
Պաուլ Բիխել, Լինդա Ֆաաս, «Բանալի ծաղիկը»
Արդեն հազար տարի է, ինչ Մանսոլեյն թագավորն իր պղնձե ամրոցից իշխում է կենդանիներին, վիշապներին և թզուկներին։ Բայց թագավորը ծերացել է, և նրա սիրտը բաբախում է խարխուլ ժամացույցի նման։ Նրա կյանքը փրկելու համար բուսաբույժը գնում է Բանալի ծաղիկը բերելու։ Նրան երկար ու վտանգավոր ճանապարհորդություն է սպասում, և որպեսզի մինչև բուսաբույժի վերադարձը թագավորի սիրտը բաբախի, ամեն օր նա պիտի լսի հուզիչ մի պատմություն։ Նրա թագավորության կենդանիները հերթով գալիս են ամրոց և պատմում իրենց իմացած ամենահետաքրքիր հեքիաթը։ Արդյո՞ք բուսաբույժը կկարողանա ժամանակին վերադառնալ։ Թարգմանիչ՝ Աննա Մարիա Մատտաար։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Նոն ֆիքշն գրականություն
Նոյել Ջենիս-Նորթոն, «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում»
Ծնողավարումը հմտություն է, որը կարելի է սովորել։ Այս գիրքը ցույց է տալիս հենց այդ ճանապարհը։ Վարքաբան Նոյել Ջենիս-Նորթոնը ծնողների հետ աշխատելու 40 տարվա փորձի հիման վրա ներկայացնում է հստակ գործիքներ, որոնք կօգնեն երեխաներին դարձնել ավելի կարգապահ, ինքնավստահ, նպատակամղված և պատասխանատու։ Գիրքը 3-13 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար է, բայց ներկայացվող պրոակտիվ ռազմավարություններն օգտակար են նաև դեռահասների համար։ Գրքում կգտնեք՝ ռազմավարություններ, որոնք կփոխեն ամենօրյա հոգնեցնող իրավիճակները քայլ առ քայլ գործնական մոտեցումներ անցանկալի վարքը կանխելու ուղիներ երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու մեթոդներ իրական ընտանիքների պատմություններ և փորձ։ Թարգմանիչ՝ Նաիրա Մուրադյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։