«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում անցկացրին Աշտարակի աջակիցների հետ
5 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակում հանդիպում ունեցան Աշտարակի աջակիցների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքը վարեց կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, որի խոսքով՝ հավանաբար հանրությունը հունիսի 7-ին պետք է ընտրություն կատարի երկու կուսակցությունների միջև։ «Մի կողմում այն կուսակցությունն է, որը 10 հազար դրամով բարձրացրել է թոշակները, 65-անց բոլոր մարդկանց համար ապահովել է անվճար բուժօգնություն՝ համընդհանուր ապահովագրական համակարգի ներդրմամբ, ուժ, որը հաստատել է խաղաղություն։ Մյուս կողմում այն եռագլուխ կուսակցությունն է, որի մի գլխից ՀՀ դատախազությունը պահանջում է բռնագանձել 200 մլն դոլարին համարժեք դրամական միջոցներ և գույք, մյուս գլխի որդին խաղատանը կրակելու հետևանքով ստացել է ՀՀ դատախազության կողմից առաջադրված մեղադրանք և փախել է Բելառուս, մյուս գլուխն էլ հայտնի չէ, թե ում գլուխն է, որովհետև ունի մի քանի քաղաքացիություն»,-շեշտեց նա։
Խոսելով երկրի տնտեսական աճի մասին՝ Ռուբինյանը նշեց, որ վերջին հինգ տարվա ընթացքում մեկ շնչի բաժին ընկնող համախառը ներքին արդյունքը Հայաստանում կրկնապատկվել է՝ հասնելով 9 500 դոլարի 2017 թվականի համեմատ, ստեղծվել է 300 հազար աշխատատեղ, վերջին հինգ տարում միջինում տարեկան ունեցել են 7 տոկոս տնտեսական աճ, որը տարածաշրջանում ամենաբարձր տեմպերից մեկն է։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն էլ ընթերցեց մարզի բնակիչների ուղերձները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք նշել էին, որ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որն այցելել է իրենց մարզ, որը մտածում է իրենց մասին, ուստի նրա կողքին են։ Նա հորդորեց ամեն հարցում հույսը դնել սեփական ուժերի վրա, և այդ պարագայում անպայման հաջողություն կլինի։
Ելույթներ ունեցան նաև Սոնա Ղազարյանը, Արթուր Հովհաննիսյանը, Դավիթ Խուդաթյանը, Գևորգ Պապոյանը։
Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց սաղմոս համար 29-ով։
Նա ընդգծեց, որ 2021 թվականի ընտրություններում հասարակությանն ասել են, որ ապագա կա, և այսօր կրկնում են, որ ապագան եկել է, ապագան այսօր է, հիմա է։ «Ապագան այսօր է, որովհետև հենց այսօր ապօրինի թալանված գույքը ավելի ու ավելի մեծ տեմպերով է վերադառնում և դառնում պետական սեփականություն։ Այսօր դե ֆակտո, շատ շուտով նաև դե յուրե պետական սեփականություն կդառնա Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Մեր խոստման համաձայն՝ թալանվածը վերադարձնում ենք ձեզ։ 2021 թվականի հունիսին խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ ժողովուրդն ի դեմս պետության և ՀՀ կառավարության մասնաբաժին կունենա։ Դրանից երկու ամիս անց ՀՀ կառավարությունը ստացավ այդ մասնաբաժինը։ 2018 թվականից մինչև 2025 թվականը կոմբինատը 300 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել պետական բյուջե։ Դրանով է, որ բարձրանում են թոշակները, որ թոշակառուներն իրենց առողջության մասին հոգալու հնարավորություն են ունենում, որ կառուցվում են դպրոցեր, մանկապարտեզներ, և այս գործընթացը շարունակվելու է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այսօր ամենակարևորը այն է, որ Հայաստանում հաստատված է խաղաղություն, ինչի առթիվ շնորհավորեց բոլորին։
Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ կուսակցության մյուս ներկայացուցիչները հասարակությանը հորդորեցին անպայման մասնակցել ընտրություններին և քվեարկել 16 համարի օգտին։
Հանրահավաքն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Վարչաբենդ» երաժշտական խմբի ելույթով։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։