Կառավարությունը 13 մլրդ դրամ կհատկացնի մոտ 60 կմ ավտոճանապարհների նորոգման համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը 13 միլիարդ դրամ կհատկացնի հանրապետությունում ընդհանուր առմամբ 58 կիլոմետր երկարությամբ ճանապարհների վերանորոգման, հիմնանորոգման ու միջին նորոգման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հերթական նիստում այդ նպատակով ՀՀ 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Ընդհանուր 58 կիլոմետրի մասին է խոսքը, որից միջպետական նշանակության՝ 1 կիլոմետր, հանրապետական՝ 27 կմ, մարզային 30 կմ. նաև երեք տրանսպորտային հանգույցներ կան նախագծում ներկայացված»,-մանրամասնել է Խուդաթյանը։

Ինչպես ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նախատեսվում է հիմնանորոգել Գյումրիից դեպի պետական սահման ավտոճանապարհը, Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ու Աբովյան տանող, Երևան-Գառնի ավտոճանապարհի 16,7 կմ, Վեդի բնակավայրով անցնող ավտոճանապարհի 3,8 կմ, Արմավիրի մարզում Նորապատից դեպի Վարդանաշեն տանող 10 կմ, Սևանից դեպի Ծաղկունք ու Զովաբեր 17,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածները և այլն։

Հայերեն Русский