Քաղաքականություն

Ժամանակն է մեծ քայլերով առաջ գնալ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում․ Ռուբինյան

2 րոպեի ընթերցում

Ժամանակն է մեծ քայլերով առաջ գնալ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում․ Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ առկա է պատմական հնարավորություն՝ արագացնելու երկու երկրների հարաբերությունների կարգավորումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասաց «Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկման ժամանակ։

«Ժամանակն է մեծ քայլերով առաջ գնալ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում»,- ընդգծեց նա։

Նա նկատեց՝ գործընթացը մեկնարկել է 2022 թվականի սկզբին՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ համատեղ, և այս ընթացքում արդեն որոշակի առաջընթաց է արձանագրվել։

«Այնպես չէ, որ ոչինչ տեղի չի ունեցել։ Վերականգնվել են Երևան-Ստամբուլ թռիչքները, այս տարվանից արդեն Turkish Airlines-ը սկսել է թռիչքներ իրականացնել Երևան, քննարկվում է դրանց ընդլայնումը»,– նշեց Ռուբինյանը։

Նա նաև ընդգծեց, որ կողմերը բացել են օդային տարանցիկ փոխադրումների հնարավորություն։

Ռուբինյանը հիշեցրեց, որ ստորագրվել է նաև Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ համատեղ արձանագրություն։

Միևնույն ժամանակ, Ռուբինյանը նկատեց՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը ներկայում ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա ուղղությամբ ընթացող գործընթացը։

«Սա լավ է, սակայն մենք ունենք պատմական հնարավորություն ավելի մեծ առաջընթաց գրանցելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ոլորտում»,– ասաց նա։

Ռուբինյանը նաև անդրադարձավ տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին՝ նշելով, որ Հարավային Կովկասում ձևավորվում են նոր իրողություններ։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ձևավորվել են հարաբերություններ, որոնք նախկինում սահմանափակվում էին միայն հակամարտությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում