Հայաստան

Եթե 2024-ին քաղաքական կամք չցուցաբերեինք, այստեղ հիմա այլ իրադրություն կլիներ. վարչապետը՝ Կիրանցում սահմանազատված հատվածների մասին

3 րոպեի ընթերցում

Եթե 2024-ին քաղաքական կամք չցուցաբերեինք, այստեղ հիմա այլ իրադրություն կլիներ. վարչապետը՝ Կիրանցում սահմանազատված հատվածների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ եթե ՀՀ-ն 2024 թվականին քաղաքական կամք չցուցաբերեր և Ադրբեջանի հետ Տավուշի մարզի սահմանային հատվածներում սահմանազատում չիրականացներ, ապա, մասնավորապես, Կիրանց գյուղի հատվածում իրադրությունը կարող էր ամբողջությամբ այլ լինել:

‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ‹‹Ֆեյսբուք››-ի իր էջում՝ ցուցադրելով Տավուշի մարզի Սարիգյուղ-Կիրանց ճանապարհահատվածն ու տեղում իրականացված և իրականացվող շինարարական աշխատանքները:

‹‹Եթե մենք 2024 թվականին քաղաքական կամք չցուցաբերեինք և ի հեճուկս հասկանալի անհանգստությունների, խմորումների և անկայունության՝ հստակ մեր գծած ռամավարությամբ չգնայինք, ապա բոլորովին ուրիշ հարց է, թե այստեղ ինչ կլիներ. ես չեմ էլ ուզում դրա մասին խոսել, ես ուզում եմ խոսել այն մասին, թե ինչ կա այստեղ հիմա: Այստեղ կա խաղաղություն, անվտանգություն, զարգացող բնակավայրեր, որոնք նախկին հաղթական շրջանում եղել են հուսահատության եզրին, և այս գյուղերում անկախության շրջանում նույնիսկ տներ չեն կառուցվել, իսկ հիմա տասնյակ տներ են կառուցվում››,-նշել է վարչապետ Փաշինյանը:

Նա համոզմունք է արտահայտել, որ այժմ Ադրբեջանի հետ սահմանազատված հատվածներով անցնելիս մարդիկ այլևս չունեն նախկին անհանգստությունները:

Երկիր ղեկավարը, անցնելով Կիրանց գյուղով, անդրադարձել է նաև գյուղում իրականացվող շինարարական աշխատանքներին, վերանորոգված եկեղեցուն, որն, ըստ Փաշինյանի, պետք է օծվի մայիսի 2-ին, ինչպես նաև ՀՀ կառավարության աջակցությամբ կառուցվող տասնյակ տներին:

Ոսկեպար-Բաղանիս գյուղերի ճանապարհով անցնելիս ևս վարչապետ Փաշինյանը խոսել է Կառավարության կողմից սուբսիդավորման արդյունքում այս բնակավայրերում կառուցվող տների մասին:

Վարչապետն իր տեսանյութում նաև ցուցադրել է այս բնակավայրերի ճանապարհի հարևանությամբ ևս սահմանազատված հատվածները՝ մատնանշելով, որ պայմանավորվածության համաձայն՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի սահմանապահներն իրենց ծառայությունն իրականացնում են առանց սաղավարտների ու զրահաբաճկոնների:

‹‹Սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխադարձ վստահությունն է խաղաղության գործընթացի վերաբերյալ: Այլևս ոչ ոք նախկինի նման այս ճանապարներով երթևեկելիս որևէ անհանգստություն չունի: Այս սահմանազատումը Հայաստանի ու Ադրբեջանի հաղթանակն է, քանի որ երկու երկրները սրանով վերահաստատել են միմյանց ինքնիշխանությունը››,-ընդգծել է ՀՀ վարչապետը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում