Պատմական ճշմարտությունը ժխտելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման. Ջոն Ինյարիտուն՝ Հայոց ցեղասպանության մասին

4 րոպեի ընթերցում

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն համոզված է, որ Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունն անհերքելի է, և այն ժխտելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման։ Պատգամավորը լիահույս է, որ Թուրքիայում նոր քաղաքական, ակադեմիական և մտավորական սերունդները մի օր համարձակություն կդրսևորեն՝ լիովին ճանաչելու տեղի ունեցածը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում իսպանացի պատգամավորը կարծիք է հայտնել, որ արդարացի է և անհրաժեշտ ճանաչել և հիշել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հատկապես ներկա ժամանակներում, երբ բռնի ուժի և զորեղի գործելաոճը կրկին տիրում է աշխարհում։

«Պատմական ճշմարտությունն անհերքելի է, և այն ժխտելու յուրաքանչյուր փորձ, ի վերջո, դատապարտված է ձախողման։ Ես կարծում եմ, որ մենք ականատես ենք լինում ճանաչման կայուն և անշրջելի գործընթացի: Իմ կարծիքով՝ արդարացի է և անհրաժեշտ ճանաչել և հիշել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հատկապես այնպիսի ժամանակներում, ինչպիսին ներկան է, երբ ամենաուժեղի և զանգվածային վայրագությունների օրենքը, կարծես, կրկին նորմալանում է աշխարհի տարբեր մասերում։

Թուրքիան շարունակում է սպառնալ և ճնշում գործադրել ուրիշների վրա՝ փորձելով կանխել ճանաչումը, բայց սա մի ջանք է, որը մտավոր և բարոյական առումով անկայուն է: Պատմական ճշմարտությունը անհերքելի է, և այն ժխտելու յուրաքանչյուր փորձ, ի վերջո, դատապարտված է ձախողման»,-ընդգծել է իսպանացի պատգամավորը։

Հարցին, թե ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան, ի վերջո, կառերեսվի պատմական ճշմարտության հետ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Ջոն Ինյարիտուն ափսոսանքով է արձանագրել, որ Ցեղասպանության փաստը ժխտել են Թուրքիայի բոլոր կառավարությունները՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից։

«Ցավոք, տեղի ունեցածի ժխտումը գերիշխող է եղել թուրքական հաջորդական կառավարությունների մոտ՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից: Այնուամենայնիվ, ես շարունակում եմ լիահույս մնալ, որ Թուրքիայում նոր քաղաքական, ակադեմիական և մտավորական սերունդները մի օր կունենան համարձակություն՝ լիովին ճանաչել տեղի ունեցածը»,-ասել է նա։

Նա հավելել է, որ ճշմարտության ճանաչումը չպետք է դիտարկվի որպես սպառնալիք, այլ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման, պատմական արդարության և անցյալի հետ ավելի ազնիվ հարաբերությունների հիմք։

Պատգամավորը նաև խոսել է ներկայում Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ այն համատեքստում, թե ինչ կերպ կարող է այս գործընթացն ազդեցություն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վրա։

«Երկխոսությունը միշտ դրական է, և ես հույս ունեմ, որ այն կնպաստի երկու պետությունների և նրանց ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավմանը։ Այնուամենայնիվ, Թուրքիան պետք է հաշտվի մեկ էական իրականության հետ. աշխարհի տարբեր անկյուններում ապրող միլիոնավոր հայերը Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։ Նրանք այն հայերի ժառանգներն են, որոնք մի ժամանակ ապրել են այն տարածքում, որն այժմ Թուրքիայի մաս է կազմում, որոնք այդ հասարակության մաս են կազմել և իրենց գիտելիքներով, մշակույթով, աշխատանքով և բարգավաճմամբ նպաստել են դրա զարգացմանը»,-ընդգծել է Ջոն Ինյարիտուն։

Նրա բնորոշմամբ՝ այն Թուրքիան, որը կճանաչի տեղի ունեցածը, կլինի ժողովրդավարական առումով ավելի հասուն, բարոյապես ավելի ուժեղ և ավելի լավ պատրաստված՝ անկեղծ հարաբերություններ կառուցելու Հայաստանի և իր սեփական պատմության հետ։

Հայերեն English Русский Türkçe

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում