Հայաստան

Կրթությունն այն կարևոր օղակն է, որը պետք է փոխի արդյունաբերության մեջ կանանց ներգրավվածությունը. Արաքսիա Սվաջյան

5 րոպեի ընթերցում

Կրթությունն այն կարևոր օղակն է, որը պետք է փոխի արդյունաբերության մեջ կանանց ներգրավվածությունը. Արաքսիա Սվաջյան

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Կանանց մասնակցությունը տնտեսության առանցքային ոլորտներում և ներառական աճի խթանում» պանելային քննարկմանը, որը կազմակերպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO)՝ աշխարհում առաջին անգամ նշվող «Կանայք արդյունաբերության մեջ» միջազգային օրվա շրջանակում։

 Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում անցկացված միջոցառմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է կրթության ոլորտում  Հայաստանի արձանագրած առաջընթացին, որը նպաստում է տնտեսության տարբեր ճյուղերում և արդյունաբերության մեջ կանանց ներգրավմանը: Նա ընդգծել է, որ Հայաստանում կրթության ոլորտում կանանց ներգրավվածությունը շատ բարձր է. հանրակրթական համակարգում  ուսուցիչների  մոտ 89–90%-ը կին է, նախադպրոցական կրթության համակարգում այդ ցուցանիշը մոտ 99% տոկոս է կազմում: Վերջին երեք տարում պետական բուհերում տարեցտարի գրանցվում է աղջիկների ընդունելության ցուցանիշի աճ: Օրինակ՝ 2025 թվականին բակալավրի կրթական ծրագրերով բուհ ընդունվածների 63%-ն իգական սեռի է, ԲՏՃՄ ուղղություններով շրջանավարտների շուրջ 40%-ը աղջիկ է:

Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ գիտության ոլորտում պետական լայնածավալ բարեփոխումների, ֆինանսավորման զգալի աճի և կին գիտնականների հետազոտությունների խթանման հատուկ միջոցառումների համատեքստում վերջին տարիներին Հայաստանում դիտվում է դրական դինամիկա։ Մասնավորապես՝ աճել է գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններում կին գիտաշխատողների թիվը՝ հասնելով 53.6%-ի․ այս ցուցանիշը մոտավորապես 1,7 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները։ ԲՏՃՄ ոլորտում կին գիտաշխատողների ներկայացվածության բաժինը ևս զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջինացված ցուցանիշներին՝ կազմելով 52%։ Համեմատության համար նշվել է՝  ԵՄ երկրներում ԲՏՃՄ ոլորտում կին հետազոտողների ներկայացվածությունը շուրջ 40 % է։ Կին հետազոտողները ՀՀ-ում մեծամասնություն են կազմում նաև  հումանիտար և հասարակագիտական գիտությունների ոլորտում՝ կազմելով այդ ոլորտներում հետազոտողների ընդհանուր թվի 58 տոկոսը:

«Պետք է նշել, որ կրթության ոլորտում այսօր հակառակ ուղղությամբ ենք շատ մեծ աշխատանքներ տանում, որպեսզի ոլորտը դարձնենք ավելի գրավիչ նաև տղամարդկանց համար: Այդուհանդերձ, կարևոր է ընդգծել, որ կրթությունն այն կարևոր օղակն է, որը պետք է փոխի արդյունաբերության մեջ կանանց ներգրավվածության իրավիճակը: Վստահություն ունենք, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է սկսել դեռևս նախադպրոցական ոլորտից, երբ սկսվում են ազդեցությունները մասնագիտական կողմնորոշման հարցում: Այս ուղղությամբ մենք փոխել ենք թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական կրթության չափորոշիչները: Դպրոցական միջավայրում երեխաները պետք է հավասար ուղերձներ ստանան և իմանան, որ թե՛ ԲՏՃՄ, թե՛ հումանիտար ոլորտներում բոլորն ունեն հավասար հնարավորություններ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Նա անդրադարձել է նաև «Տեխնոլոգիա» առարկայի դասընթացի կազմակերպմանը՝ նշելով, որ աշակերտներին հնարավորություն է տրվել ընտրել իրենց նախընտրած ուղղությունը: Արաքսիա Սվաջյանի հավաստմամբ՝ միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում ևս բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում աղջիկների ներգրավվածությունը բարձրացնելու ուղղությամբ. «Այդ աշխատանքները պետք է շարունակական լինեն, որպեսզի կրթական վերջնարդյունքներն իրենց արտացոլանքը գտնեն նաև տնտեսությունում»:

Քննարկման շրջանակում ելույթներով հանդես են եկել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ, արդյունաբերության ոլորտը ներկայացնող բանախոսներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում