Հայաստանը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Իսրայելի և Լիբանանի միջև կնքված 10-օրյա հրադադարը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
We welcome 10-day ceasefire in #Lebanon, achieved through @POTUS's mediation efforts,as an important step towards de-escalation.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) April 17, 2026
We hope that this development will contribute to comprehensive & sustainable peace in the region with respect of territorial integrity of the parties.
«Մենք ողջունում ենք Լիբանանում 10-օրյա հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերի շնորհիվ՝ որպես լարվածության թուլացման ուղղությամբ կարևոր քայլ»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից նաև հույս են հայտնել, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղությանը՝ հարգելով կողմերի տարածքային ամբողջականությունը։
Ավելի վաղ նախագահ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի իշխանությունները համաձայնեցրել են 10-օրյա հրադադարը։ Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 17-ին հայտարարել, որ ԱՄՆ-ի հետ երկշաբաթյա հրադադարի մնացած ժամանակահատվածում Իրանը Հորմուզի նեղուցը բոլոր առևտրային նավերի համար հայտարարում է լիովին բաց՝ հաշվի առնելով Լիբանանում հաստատված հրադադարը։
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ երկրի իշխանությունները ձգտում են ամրապնդել Իսրայելի հետ հրադադարի ռեժիմը և վերականգնել երկրի ամբողջ տարածքի նկատմամբ վերահսկողությունը: