«Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է առաջադրվել. փաստաբան
2 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի մեղադրանք է առաջադրվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների և անդամների բերման ենթարկելու լուրին։
Նա հստակեցրել է, որ որպես բերման ենթարկելու հիմք է ներկայացվել ընտրակաշառքը և նախընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտումը։
«Ինչի՞ մասին է խոսք գնում։ Երբ բարեգործական նպատակներով հիմնված է եղել «Մեր ձևով» հասարակական կազմակերպությունը, ծրագրեր են իրականացվել, որոնցում ներգրավված են եղել որոշ մարդիկ, որոնք աշխատավարձեր են ստացել։ Հիմա, ըստ վարույթ իրականացնող մարմին, որքան ես հասկացա, այդ աշխատավարձերը դիտարկվում են որպես ընտրակաշառք։ Միգուցե, անձինք աշխատանքային պայմանագրի հիման վրա չեն աշխատել, բայց դա առավելագույնը կարող է դիտարկվել որպես աշխատանքային փոխհարաբերությունների խախտում, ինչն ամենևին քրեական օրենքի դաշտում չէ»,- ասել է փաստաբանը։
Հարցին, թե կարողանալո՞ւ են հիմնավորել, որ դրանք աշխատավարձ են եղել, ոչ թե ընտրակաշառք, փաստաբանը պատասխանել է.
«Այն, որ դրանք աշխատավարձ են եղել, կարծում եմ, գործի փաստական հանգամանքներով արդեն հիմնավորված է»։
Փաստաբանը հաստատել է, որ քրեական վարույթի շրջանակներում բերման է ենթարկվել 14 մարդ, որոնցից 2-ին մեղադրանք է առաջադրվել։