Քաղաքականություն

«Միասնության թևեր»-ն ու «Հայաքվե»-ն դադարեցրել են համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

«Միասնության թևեր»-ն ու «Հայաքվե»-ն դադարեցրել են համագործակցությունը

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն ու «Հայաքվե» միավորումը, որոնք հուշագիր էին ստորագրել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու մասին, դադարեցրել են համատեղ աշխատանքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը։

«Փետրվարի 27-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ հավաստելով իրենց պատրաստակամությունը` մեկ միասնական ճակատով հանդես գալու հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին։

Անցած ժամանակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր քաղաքական բևեռ ձևավորելու նպատակով։ Միևնույն ժամանակ, մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռևս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել, ուստի մենք որոշում ենք կայացրել` ներկա փուլում այս ձևաչափով ավարտելու համատեղ աշխատանքը։

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր երկու կազմակերպությունների բոլոր անդամներին և աջակիցներին վստահության և համագործակցության համար, և փոխադարձ հաջողություն ենք ցանկանում մեր հայրենիքի անվտանգության և բարօրության համար մղվող պայքարում»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Միասնության թևեր»-ն ու «Հայաքվե»-ն ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հուշագիր էին ստորագրել 2026 թվականի փետրվարի 27-ին։ Հուշագիրը ստորագրել էին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում