Եվրամիությունում 2025 թվականին արտադրված էլեկտրաէներգիայի 47.3%-ն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրները
1 րոպեի ընթերցում

Վերականգնվող էներգիայի աղբյուրները նախորդ տարի կազմել են Եվրամիությունում արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 47.3 տոկոսը, ինչը 0․1 տոկոսով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵՄ վիճակագրական վարչության ամփոփագրում։
Նշված ծավալի գերակշռող մասն ապահովել են քամու ուժով աշխատող էլեկտրակայանները (37.5%), հաջորդ տեղերում են արևային (27.5%) և հիդրոէլեկտրակայանները (25.9%)։ Ընդ որում՝ արևային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալն անցյալ տարի ավելացել է 24.6%-ով, մինչդեռ հիդրոէլեկտրակայաններինը՝ նվազել է 11.8%-ով։
Էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալում վերականգնվող էներգիայի ամենաբարձր մասնաբաժինը գրանցվել է Դանիայում (92.4%), որտեղ նշանակալի դեր ունեն հողմակայանները։ Առաջին եռյակում են նաև Ավստրիան (83.1%, հիմնականում հիդրոէլեկտրակայաններ) և Պորտուգալիան (82.9%, գերազանցապես հիդրո և հողմակայաններ)։
Վերականգնվող էներգիայի աղբյուրների ամենացածր մասնաբաժինը Մալթայում է (16.2%), քիչ շատ է Չեխիայում (16.6%) և Սլովակիայում (17.8%):