ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումն արգելելու նախագիծը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով առաջարկվում է արգելել կուսակցությունների դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ ընթերցման քվեարկությանը նախագծին կողմ է քվեարկել 69 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 4։

Նախագիծը խորհրդարանին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ համահեղինակությամբ պատգամավոր Ալխաս Ղազարյանի։

Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ կուսակցությունների դաշինքների անվանումները չեն կարող պարունակել անձնանուններ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման ձևակերպումներ։ Բացի այդ, դաշինքների անվանումներում չեն կարող ներառվել նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ արտահայտություններ։

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններում քվեաթերթիկը կհամարվի անվավեր, եթե ծրարում, բացի քվեաթերթիկից, առկա է որևէ այլ իր։ Գործող կարգավորմամբ նման դեպքերում քվեաթերթիկը անվավեր չի ճանաչվում։

Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է նաև, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեատուփից ծրարը հանելու և քվեաթերթիկը դուրս բերելու ընթացքում ձեռքում այլ իր չի կարող ունենալ։

Նախագծի քննարկման ընթացքում Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, որոնք օրերս հայտարարել էին խորհրդարանական առաջիկա ընտրություններին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով մասնակցելու մասին։ Նրանք պնդում են, որ չի կարելի նման առանցքային փոփոխությունների գնալ, երբ ընտրություններին 2 ամիս ժամանակ է մնացել։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նաև կարծում են, որ դա հակաժողովրդավարական նախագիծ է։

Նախագծին դեմ են արտահայտվել նաև խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ շեշտելով, որ այն իրավիճակում, երբ ընտրություններին շատ կարճ ժամանակ է մնացել, չի կարելի փոխել «խաղի կանոնները»։

Նախագծի հեղինակ Արուսյակ Ջուլհակյանն էլ, արձագանքելով ընդդիմադիրների քննադատություններին, նշել է, որ ընտրություններից կարճ ժամանակ առաջ փոփոխություններ չանելու ռեկոմենդացիա ունի Վենետիկի հանձնաժողովը, որի համաձայն՝ խորհուրդ չի տրվում ընտրություններից կարճ ժամանակ առաջ փոփոխություններ իրականացնել ընտրակարգում, ընտրական հանձնաժողովներին անդամակցության կարգում և կատարել ընտրատարածքների փոփոխություն։ Ջուլհակյանը շեշտել է, որ իրենց կողմից առաջարկվող տեխնիկական փոփոխությունը նշված երեք կետերից որևէ մեկին վերաբերելի չէ։

 

 

 

 

 

Հայերեն Русский

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ