Խաղաղությունը նոր է, նորածին է և խնամքի կարիք ունի․ ՔՊ-ն ընտրություններին կմասնակցի «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով
2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ խաղաղությունը երեխայի հետ համեմատելը չափազանցություն չէ, որովհետև խաղաղությունը երեխայի նման ամրանալու, ոտքի կանգնելու և ավելի վստահ քայլելու կարիք ունի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովում։
«2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունը հենց սրա մասին է։ Կա՞ արդյոք այս նորածին խաղաղությանը խնամելու պատրաստ հանրություն և պետություն։ Կա՞ արդյոք այս նորածին խաղաղությանը ոտքի կանգնեցնելու, փայփայելու պատրաստ պետություն, հանրություն, ժողովուրդ և քաղաքական առաջնորդություն։ Պետք է առանց սեթևեթանքի արտահայտել մեր վստահությունը, որ Հայաստանում կա այդպիսի քաղաքական ուժ և հանրություն։ Հայաստանն այդպիսի պետություն է՝ իր քաղաքացիների ամբողջությամբ և ժողովրդով»,- ասաց Փաշինյանը։
Նա փոխանցմամբ՝ հենց դա է պատճառը, որ ՔՊ-ն որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։
«Սա կոչ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում սա գլխավոր հարցն է։ Խաղաղությունն այսօր է, այստեղ է, հիմա է, և մենք՝ բոլորս, ՀՀ քաղաքացիների գլխավորությամբ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդությամբ, պետք է տեր կանգնենք խաղաղությանը»,- շեշտեց Փաշինյանը։