Քաղաքականություն

ՀՀ ժողովուրդն, ի վերջո, իր սեփական հայրենիքում քաղաքականությունների և ռազմավարությունների օբյեկտից վերածվել է սուբյեկտի. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ՀՀ ժողովուրդն, ի վերջո, իր սեփական հայրենիքում քաղաքականությունների և ռազմավարությունների օբյեկտից վերածվել է սուբյեկտի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փետրվարի 28-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ներկուսակցական քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ անմիջականորեն շփվելիս արձանագրվել է պատմական նշանակության իրադարձություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովում իր ելույթի ժամանակ։

«Այդ պատմական նշանակություն ունեցող իրադարձությունն առարկայանում է բոլորի աչքերի առջև, դրա պատմականությունն արձանագրվեց մարտի 28-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իմ և ՀՀ մի քաղաքացու ուղիղ եթերում զրույցի ժամանակ։ Դա տարբեր մարզերի բնակավայրերում տեղի ունեցած խոսակցությունների գագաթնակետն էր, ինչպես նաև խտացումն էր բովանդակային շատ կարևոր մի երկխոսության․ առաջարկեցի քաղաքացուն հուզող ամենակարևոր հարցի մասին խոսել և նա ասաց ինձ ցնցող նախադասություն՝ նշելով, որ ուզում է խաղաղություն։ Նման բովանդակության խոսակցություններ ունեցել ենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր քաղաքացիների հետ, և դրանք պատմական են այն առումով, որ վկայում են՝ ՀՀ ժողովուրդն, ի վերջո, իր սեփական հայրենիքում քաղաքականությունների ռազմավարությունների օբյեկտից վերածվել է սուբյեկտի«»,- ասաց Փաշինյանը։ 

Նա հավելեց, որ Հայաստանի իրականությունն ունեցել է մի շատ կարևոր առանձնահատկություն, որը կամ չեն նկատել, կամ չնկատելու են տվել։

«Մեր պատմության մեջ քաղաքականությունների և ռազմավարությունների ներշնչանքի ամենատարբեր աղբյուրներ են գոյություն ունեցել, բայց այդ ներշնչանքի աղբյուրն առնվազն եղել է ժողովուրդը, նրա իղձերն ու ներքին մղումները։ Ձևավորվել է մի պայմանական, էլիտար բովանդակություն, որն անընդհատ իրեն վերարտադրել է։ Այդ բովանդակությունն առնվազն մի մեծ մասով միշտ ժողովրդի հետ օրգանական կապից զուրկ է եղել և սովորաբար օրգանական կապ է ունեցել արտաքին գործոնների, աշխարհաքաղաքական գլոբալ գործոնների հետ»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոստովանությամբ՝ այդպիսին էր նաև 2021 թվականի ՔՊ-ի նախընտրական ծրագիրը, որովհետև այն միջին վիճակագրական հայաստանյան նախընտրական ծրագիր էր։

«Դրանում մենք վերարտադրել էինք այն, ինչն այլևս շատ երկար, հազար և ավելի տարի նորություն չէր։ Հետո տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսել եմ մեր կուսակցության 7-րդ համաժողովում։ Մեր ժողովուրդն, ըստ էության, մեզ չպարտադրեց, այլ մեզ դրեց մի իրավիճակի մեջ, որում նրա մանդատը ստանալով՝ ՀՀ կառավարության ծրագրում արձանագրեցինք, որ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում