Արարատ Միրզոյանի խոսքով՝ ծանրագույն փորձությունների ընթացքում ՀՀ քաղաքացիներն ու ՔՊ-ն փոխադարձաբար միմյանց մենակ չեն թողել
4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանի խոսքով՝ ծանրագույն փորձությունների ընթացքում ՀՀ քաղաքացիներն իրենց մենակ չեն թողել և տեր են կանգնել ժողովրդավարությանը, երկրի ինքնիշխանությանը և հետո նաև՝ խաղաղությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին ասաց կուսակցության 8-րդ համաժողովում՝ պատվիրակներից շնորհակալություն հայտնելով այն առաջնորդության ձևավորման համար, որը «Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակելու է երկիրը կառավարելու հայտ ներկայացնել և ստանձնել 29 743 հազար կմ/ք տարածք ունեցող հայրենիքի կառավարման առաքելությունը և պատասխանատվությունը»։
«Օրեր առաջ մի քանի ոչ ՔՊ-ական ընկերների հետ քննարկում էինք մեր երկրում ընթացող գործընթացները և զուգահեռներ էինք տանում 2026 թվականի ապրիլի և 2018 թվականի ապրիլի միջև։ Մենք հիշեցինք Հանրապետության հրապարակում բազմահազար քաղաքացիներին ուղղված իմ մի քանի համեստ դիտարկումներն․ այդ օրը, երբ ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակն արդեն ակնհայտորեն շոշափելի էր, ես ժողովրդին ասում էի, որ սա դեռ գործընթացի, պայքարի ավարտը չէ, որովհետև կան ուժեր, որոնք փորձելու են ժողովրդից խլել նրա ձեռքբերումներն ու այդ հաղթանակը։ Ես վստահեցնում էի, որ նրանք, ովքեր առաջնորդություն ստանձնեցին այդ հեղափոխության ժամանակ, ինչպես կանգնած են եղել պայքարի առաջնագծում, այնպես էլ շարունակելու են կանգնած մնալ։ Բայց ես ունեի մի խնդրանք-պահանջ մեր քաղաքացիներից․հորդորում էի, որ պայքարի հետագա գործընթացում մեզ մենակ չթողնեն, լինեն մեր կողքին»,- ասաց Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ հետո եղավ այն, ինչ իրենք և՛ կանխատեսում էին, և՛ դժվար էր նման բան կանխատեսել։
«Եղան ծանրագույն փորձություններ, որոնց ընթացքում ՀՀ քաղաքացիները մեզ մենակ չեն թողել և տեր են կանգնել ժողովրդավարությանը, երկրի ինքնիշխանությանը և հետո նաև խաղաղությանը։ Այդ մասին դեռ շատ է խոսվելու, բայց այս պատմությունը մեդալի մյուս կողմն էլ ունի։ Այդ ծանրագույն փորձությունների ընթացքում մենք էլ ՀՀ քաղաքացիներին մենակ չենք թողել, մենք երերացել ենք հարվածներից, վիրավորվել ենք, բայց մնացել ենք կանգնած, չենք փախել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը։ Մեր ժողովրդին, իր իսկ հանձնարարությամբ, առաջնորդել ենք դեպի ինքնիշխանություն, խաղաղություն և ժողովրդավարություն»,- վստահեցրեց Միրզոյանը։
Նախարարը հավելեց, որ այդ գործընթացում մարմնացավ ու նյութականացավ, կոփվեց այն, ինչ իրենք տարիների առաջ անվանել էին «Քաղաքացիական պայմանագիր»։
«Դա էր այն պայմանագիրը, որը կնքվեց, մարմնականացավ ու գործեց մեր և քաղաքացիների միջև, բոլորի և առանձին վերցրած՝ երկու քաղաքացիների միջև։ Այսօր կարող ենք ասել, որ այդ փորձությունների ընթացքում պայմանագրի բոլոր կողմերը պատվով կատարեցին իրենց պարտավորությունները։ Ես տեսնում եմ, որ ՀՀ քաղաքացիները չեն ավարտել գործը և տեսնում են, որ մենք էլ չենք ավերտել մեր գործը, իրենց տված այն պատվերը, որի համար իրենք վճարել են շատ թանկ և շարունակում են վճարել։ Հետևաբար, պետք է շարունակենք միասին իրագործել մեր համատեղ պայմանագիրը, շարունակենք միասին առաջ գնալ և տեր կանգնենք մեր ժողովրդավարությանը, խաղաղությանը և ինքնիշխանությանը»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։