ՀՀ վարչապետը տեղեկացրել է, թե ինչ հարցեր են քվեարկության դրվելու ՔՊ-ի արտահերթ համաժողովի ընթացքում
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, թե ինչ հարցեր են քվեարկության դրվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8–րդ արտահերթ համաժողովի ընթացքում։
«Այսօրվա մեր լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետեւյալ հարցերը․
- Հաստատել և ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին առաջադրել Կուսակցության ընտրական ցուցակը՝ համաձայն Հավելված N 1-ի (ցուցակում թեկնածուների դասավորությունը որոշվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով։ Քվեարկության արդյունքները հրապարակված են, իսկ Հավելված 1–ի, այսինքն՝ ընտրական ցուցակի նախագիծը, տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)։
- Որպես Կուսակցության ՀՀ Վարչապետի թեկնածու հաստատել Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին (թեկնածունն ընտրվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով․ քվեարկության արդյունքները հրապարակված են)։
- Հաստատել ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ ընտրություններում Կուսակցության Նախընտրական ծրագիրը՝ համաձայն Հավելված N 2-ի (նախագիծն ընդունվել է Վարչության որոշմամբ եւ տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)»,– գրել է ՀՀ վարչապետը։
Նույն գրառման մեջ նաև ընդգծվում է, որ լիագումար նիստի սկզբում բաց քվեարկությամբ կընտրվեն Համաժողովի նախագահողը և քարտուղարները։ Վարչությունը առաջարկել է համապատասխանաբար Վարչության նախագահի և տեղակալների թեկնածությունները։
Ապրիլի 4–ին ժամը 14։00-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովը։