Հայաստան

«Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը և մի շարք այլ կազմակերպություններ իրականացնում են ոչ կրթական գործունեություն․ ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին

2 րոպեի ընթերցում

«Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը և մի շարք այլ կազմակերպություններ  իրականացնում են ոչ կրթական գործունեություն․ ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին

Համացանցում տարածվել է տեղեկատվություն հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման փաթեթների կազմմանն աջակցելու նպատակով անհարկի վճարովի ծառայությունների մատուցման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ վերոնշյալը հիմք չէ տարակարգ ստանալու համար և առաջացնում է ֆինանսական միջոցների անհարկի վատնում։ 

«Ուսուցիչների դասընթացների անվան տակ  իրականացվում է վաճառքի ենթակա նյութերի մշակում, իսկ դասընթացների ընթացքում բովանդակային վերապատրաստման փոխարեն մասնակից ուսուցիչների հետ տարվում է քաղաքական  և կրթության քաղաքականությանը խոչընդոտելու թեմաներով աշխատանք։

Վերոնշյալ խմբերի կողմից ընդունվում են նաև պատվերներ՝ տնօրենի զարգացման ծրագիր գրելու վերաբերյալ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նման կազմակերպությունները, մասնավորապես՝ «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը, իրականացնում է ոչ կրթական գործունեություն, ուստի խնդրում ենք զերծ մնալ հիմնադրամի հետ այսօրինակ աշխատանքներին մասնակցելուց»,– ասված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Գերատեսչությունից նաև տեղեկացնում են, որ այս հարցով նախարարությունը դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ նման անօրինական երևույթները կանխելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում