Մշակույթ

Իվետա Մուկուչյանը՝ լավագույն երգչուհի, Արամ MP3-ն՝ լավագույն երգիչ. հայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողները

6 րոպեի ընթերցում

Իվետա Մուկուչյանը՝ լավագույն երգչուհի, Արամ MP3-ն՝ լավագույն երգիչ. հայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողները

«Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը, որն անցկացվեց ապրիլի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մեկ հարկի տակ էր համախմբել երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստների, ոլորտի ներկայացուցիչների:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը Հայկական ազգային երաժշտական ակադեմիան մրցանակներ հանձնեց 18 անվանակարգում ներկայացված արտիստների և նախագծերի։

Մրցանակաբաշխությանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Խազեր»-ի հատուկ մրցանակը հանձնեց Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ազգային հերոս, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին:

Դանիելյանն ընդգծեց, որ մեր երկրում շատ են երախտավորները, որոնք կերտել են Հայաստանիմ շակույթն ու այժմ մեր կողքին են, որոնց անմնացորդ շնորհակալ են, իսկ Հովհաննես Չեքիջյանը դարի մարդ է: «Խոսքերով հնարավոր չէ նկարագրել այն ամենը, ինչ նա արել է  իր ամբողջ կյանքում: Նրա կյանքը նվիրված է եղել հնչյունին  ու երգին: Նա ստեղծել է մշակույթ, ձևավորել է մտածողություն և սերունդներին տվել է ստեղծագործելու մի նոր չափանիշ: Չեքիջյանի ղեկավարած երգչախումբը վաղուց դարձել է արժեքային մի ամբողջ համակարգ: Հավանաբար նրա փոքրիկ գաղտնիքն է, որ մարդկանց կարողանում է համախմբել մեկ շնչի մեջ, կարողանում է ստեղծել ներդաշնակություն և գերել սրտերը, հուզել, ապրեցնել»,- ասաց փոխնախարարը:

Դանիելյանի խոսքով՝ Չեքիջյանի անունը վաղուց անցել է ժամանակների սահմանները, իսկ ստեղծածը շարունակում է ապրել, հնչել հնչյուն առ հնչյուն:

«Լավագույն դասական երգիչ» անվանակարգում մրցանակը տրվեց Արսեն Սողոմոնյանին:

«Լավագույն դասական երգչուհի» ճանաչվեց Ջուլիանա Գրիգորյանը, որն օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Պայացներ» օպերայի առաջնախաղում հանդես եկավ Նեդդայի կերպարում:

«Լավագույն դասական նախագիծ» համարվեց «Սիմֆոնիկ Հայկո. բաց երկնքի տակ» պրոյեկտը:

«Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն» համարվեց «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան:

«Լավագույն փոփ երգչուհի» ճանաչվեց Իվետա Մուկուչյանը:

«Լավագույն փոփ երգիչ» անվանակարգում հաղթեց Արամ MP3-ն: Երգիչն ասաց, որ մրցանակը պարտավորեցնող է և շնորհակալություն հայտնեց բոլորին:

«Լավագույն երգ» ճանաչվեց Սոնա Ռուբենյանի «Ճանապարհեցիր ինձ տուն» ստեղծագործությունը:

«Լավագույն ալբոմ» համարվեց Բրյունետի Love Reversed-ը:

«Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում մրցանակը տրվեց Սոնա Ռուբենյանի  «Վարդավառը գալիս է» հոլովակին, որի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:

«Տարվա հայտնություն» դարձավ Սիմոնը, որն այս տարի Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ» երգի մրցույթում: Նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք հավատացել են իրեն և իր զույգ տղաներին՝ շեշտելով, որ նրանց աչքերին նայելով՝ ցանկանում է ավելի մեծ բարձունքների հասնել և իր հաղթանակները նվիրել նրանց: Սիմոնն ընդգծեց, որ «Խազեր»-ը իր առաջին մրցանակն է:

«Լավագույն հեղինակ-կատարող» անվանակարգում հաղթեց Սոնա Ումրոյանը:

«Լավագույն հիփ հոփ և R&B արտիստ կամ խումբ» անվանակարգում մրցանակը տրվեց Միշոյին:

«Լավագույն ջազ արտիստ կամ խումբ» անվանակարգում հաղթեց Խաչիկ Սահակյանը:

«Լավագույն ռոք արտիստ կամ խումբ» համարվեց «Նեմրա»-ն: Խումբն այդ մրցանակին էր արժանացել նաև նախորդ տարի: Խմբի անդամներից Վանը շեշտեց, որ մրցանակն իրականում իրենց երկրպագուներինն է՝ նեմրացիներինը:

«Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ» համարվեց Կարեն և Սևակ բենդը:

«Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ» անվանակարգում մրցանակը տրվեց Տաթև Ասատրյանին: 

«Լավագույն գործիքավորում (ոչ դասական)» անվանակարգում մրցանակը տրվեց Karen SevakProduction-ին՝ Սիրուշոյի «Սիրտ» երգի գործիքավորման համար:

«Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում հաղթեց Մարտին Ուլիխանյանը:

Հաղթողներին տրվեց «Խազ» յուրատեսակ մրցանակը, որի հեղինակը քանդակագործ, նկարիչ Արման Նուռն է։

Մրցանակաբաշխության ռեժիսորներն էին Հրաչ Քեշիշյանը, Նաիրե Ստեփանյանը և Արթուր Մանուկյանը։ «Խազեր»-ն անցկացվեց միջազգային մրցանակաբաշխությունների ձևաչափով։ Միջոցառումը մեկնարկեց կարմիր գորգի հանդիսավոր արարողությամբ, որին մասնակցեցին երաժշտական ոլորտի առաջատարները։

Մրցանակաբաշխությունն իրականացրեց Հայկական ազգային երաժշտական ակադեմիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում