Հայաստան

Համերգների համար կատարվող ծախսերը ներդրում են, որոնք նպաստում են տնտեսական աճին․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

Համերգների համար կատարվող ծախսերը ներդրում են, որոնք նպաստում են տնտեսական աճին․ վարչապետ

Հայաստանում անցկացվող մշակութային միջոցառումների, այդ թվում՝ միջազգային աստղերի համերգների համար կատարվող պետական ծախսերը դիտարկվում են որպես ներդրում, որոնք նպաստում են տնտեսական ակտիվությանը և պետական եկամուտների աճին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում վարչապետը պատասխանեց այն դիտարկմանը, թե պետությունը մեծ միջոցներ է ծախսում «ճոխ միջոցառումների» վրա՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները տնտեսական էֆեկտ են ապահովում։

Փաշինյանը հիշեցրել է, որ նախկինում նախատեսված էր ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգը, որը հետաձգվել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների պատճառով, սակայն հետագայում կազմակերպվել է այլ համերգ։

«Այն ընկերությունը, որը պետք է Սնուփ Դոգի համերգը կազմակերպեր, առաջարկեց նույն գումարի դիմաց այլ համերգ կազմակերպել, և արդյունքում պայմանավորվեց Ջենիֆեր Լոպեսի հետ»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ այդ համերգի կազմակերպման համար հատկացվել է շուրջ 6 միլիոն դոլար, սակայն դրա արդյունքում Հայաստան է այցելել շուրջ 15 հազար զբոսաշրջիկ։

Վարչապետը նշեց, որ նման միջոցառումների արդյունքում ծախսված գումարը վերադառնում է տնտեսություն՝ բաշխվելով բիզնեսների միջև։

«Մարդիկ եկել են, օգտվել են ծառայություններից՝ սնվել են, օգտվել տաքսիներից, և այդ ամենի արդյունքում գեներացվել են հարկեր»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ նման միջոցառումները նպաստում են նաև տնտեսական աճին, որը, ըստ նրա, գերազանցել է կանխատեսումները։

«Երբ տեսանք, որ կանխատեսված 5,2 տոկոսի փոխարեն ունենք 7,2 տոկոս տնտեսական աճ, որոշեցինք, որ այդ աճը պետք է զգան նաև թոշակառուները»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ 2026 թվականին շուրջ 200 միլիոն դոլար լրացուցիչ միջոցներ են ուղղվելու թոշակների բարձրացմանը։

Վարչապետը նաև ընդգծեց, որ սոցիալական ծախսերի ավելացումը պետք է հիմնված լինի կայուն եկամուտների վրա՝ երկարաժամկետ ազդեցություն ապահովելու համար։

Նա հավելեց, որ Կառավարության նպատակն է ապահովել պետական եկամուտների աճ՝ զուգահեռաբար բարձրացնելով կառավարման արդյունավետությունն ու հակակոռուպցիոն վերահսկողությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում