Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են բարձրացնել գործակցության մակարդակը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում նախարարները բարձր են գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակականության և զարգացման կարևորությունը։

Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև խորհրդատվական աջակցության և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը՝ այն հասցնելով որակապես նոր, ավելի բարձր մակարդակի, ինչպես նաև շարունակելու համատեղ նախաձեռնությունները՝ միտված պաշտպանության ոլորտի կարողությունների ամրապնդմանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։