ՀՀ ՆԳ նախարարությունը միջազգային գործընկերներին ներկայացրեց համագործակցության արդյունքներն ու անելիքները
5 րոպեի ընթերցում
ՀՀ ներքին գործերի ղեկավար կազմը, նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ, հանդիպեց միջազգային գործընկերների հետ՝ քննարկման ներկայացնելով գերատեսչության նոր նախաձեռնությունների արդյունքներն ու առաջիկա անելիքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնելով Եվրոպական Միությանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին նախարարության և միջազգային գործընկերների արդեն երրորդ համակարգման միջոցառումը կազմակերպելու գործում աջակցության համար, խորհրդանշական համարեց, որ համագործակցության հարթակ հանդիսացող միջոցառումը տեղի է ունենում հենց միջազգային գործընկերների օժանդակությամբ։
«Ուզում եմ փաստել, որ հարթակն արդեն դարձել է ինստիտուցիոնալ մեխանիզմ մեր միջազգային գործընկերների հետ անընդհատ դիտարկելու Ներքին գործերի նախարարության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, այն զարգացումներն ու արդյունքները, որոնք համատեղ ջանքերի արդյունք են»,-ընդգծեց նախարարը։
Նրա խոսքով՝ այս ընթացքում համատեղ ջանքերով ապահովվել է կարիքների գնահատման արդյունքում նախատեսված գործողությունների 70 տոկոսը, իսկ 30 տոկոսը գտնվում է կատարման ընթացքում։
«Սա շատ կարևոր ցուցանիշ է, քանի որ առաջին հերթին ցույց է տալիս, որ մենք շարունակում ենք գործընկերային բարձր համագործակցությունը և երկրորդ՝ կարիքների մատրիքսում ներգրավված մեր բոլոր միջոցառումները շարունակում են արդիական մնալ՝ դրանով իսկ մեր համատեղ ջանքերով հետևողականորեն իրականացվել»,-ասաց Սարգսյանը։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ համատեղ ջանքերի շնորհիվ արձանագրվել է շատ կարևոր պատմական հանգրվան Հայաստան և ԵՄ հարաբերություններում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է բարեփոխումներին, վիզայի ազատականացմանը։
«Շատ հպարտ ենք մեր այսօրվա ձեռքբերումներով, բայց մյուս կողմից կարծում եմ, որ դեռևս շատ անելիքներ կա ՀՀ քաղաքացիների համար և միջազգային համագործակցությունը պահանջում է էլ ավելին։ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում՝ մենք վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն ենք փոխանցել։ Ուզում եմ ընդգծել այն եղանակը, որով դուք ստացե եք այս ծրագիրը, որովհետև դա տեղի է ունեցել շատ դրական մեկնաբանություններով։ Դուք այն ստացել եք, ըստ էության,վերահաստատմամբ, որ այս ծրագիրը համապատասխանում է ձեր սեփական բարեփոխումների օրակարգին։ Սա շատ արդյունավետ երկխոսության արդյունք է, որ մենք ունեցել ենք ավելի քան մեկ տարի տևողությամբ»,-նշեց ԵՄ դեսպանը՝ հավելելով, որ երկուստեք մեծ պատասխանատվություն է նկատվել՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի և դրա իրականացման նկատմամբ, որը, նրա բնութագրմամբ, կծառայի ի շահ երկկողմ հարաբերությունների ու ՀՀ քաղաքացիների։
ՄԱԿ Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաթիա Նացվլիշվիլին ակնառու համարեց ՀՀ ՆԳ նախարարությունում և ոստիկանության համակարգում բարեփոխումները։
«Մենք ականատեսն ենք լինում նաև ավելի ինտեգրված, ինստիտուցիոնալ մոդելի, որտեղ ոստիկանության, փրկարար և միգրացիոն ծառայությունները համակարգված շրջանակի մեջ են ներառվում։ Սա պարզապես կառուցվածքային փոփոխություն չէ, այլ ավելի խորքային փոփոխություն, թե ինչպես են ծառայությունները մատուցվում։ Երկրորդը՝ բոլոր ծառայությունների առումով հստակ անցում ենք տեսնում ավել մասնագիտական և համակարգերի վրա հիմնված գործառնությունների, որոնք հիմնված են մարդկային ռեսուրսների կառավարման, թվային, օպերատիվ ու գործառնական կարողությունների վրա»,- ասաց Նացվլիշվիլին՝ համոզմունք հայտնելով, որ այս ուղղությամբ ջանքերն արդեն փոխակերպվում են շոշափելի արդյունքների։
Այնուհետև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց վերջին տարիներին ոլորտում իրականացված բարեփոխումներն ու արձանագրված արդյունքները։
ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանն էլ ներկայացրեց առանձին ոլորտներում իրականացվող բարեփոխումներն ու նախատեսվող ծրագրերը։
Միջոցառմանը ներկա էին գործընկեր միջազգային կառույցների և Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ։