Հասարակություն

Գորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հետևանքով

2 րոպեի ընթերցում

Գորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հետևանքով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ մաքրում և ախտահանում, բացառվեն կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների ներթափանցումը և բորբոսների առաջացումը,

հատակները, պատերը, դռները և առաստաղը չեն ունեցել հարթ և նորոգ մակերեսներ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ախտահանվող նյութերից, չի կանխարգելվել կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների առաջացման և մասնիկների թափվելու հնարավորությունը,

սննդամթերքի հետ շփվող աշխատանքային մակերևույթները և սարքավորումները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,

չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան և առանձին սանհանգույց:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում