Տեսանյութ

TOON EXPO-ն վերադառնում է արդեն 6-րդ անգամ՝ ավելի մեծ կազմով, նոր ձևաչափով ու նոր առաջարկներով

4 րոպեի ընթերցում

TOON EXPO.Invest 2026-ը մարտի 27-29-ը կրկին կմիավորի անշարժ գույքի շուկայի առաջատարներին՝ ներկայացնելով հազարավոր բնակարաններ, ներդրումային նախագծեր և բացառիկ առաջարկներ։

Ցուցահանդեսն անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի տարածաշրջանի ամենախոշոր մասնագիտական հարթակներից է, որը մեկ վայրում միավորում է կառուցապատողներին, ներդրումային ընկերություններին, բանկերին և անշարժ գույքի ոլորտի այլ ներկայացուցիչներին։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը նշեց, որ այս տարի ևս ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 100 ընկերություններ և կներկայացվեն բազմաթիվ ներդրումային նախագծեր։

«Այս տարի նույնպես կհորդորենք օգտվել մեր տրամադրած փոխադրամիջոցներից, որպեսզի որոշ չափով մեղմենք խցանումները։ Ցուցահանդեսը կգործի երեք օր շարունակ։ Կարևոր է նշել, որ հենց այս օրերին կգործեն հատուկ առաջարկներ բոլոր քաղաքաշինական և ներդրումային նախագծերի համար։ Պետական գույքի կառավարման կոմիտեն նույնպես կներկայանա մի շարք արդեն պատրաստ նախագծերով, որոնց շինթույլտվությունների համար շատ ժամանակ չի պահանջվում։ Երևանի քաղաքապետարանը ևս միացել է մեզ որպես գործընկեր և կներկայացնի նորություններ, ինչպես նաև կունենա հատուկ անկյուն, որտեղ քաղաքացիները կարող են մոտենալ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները»,- ասաց Հարոյանը։

Նախորդ տարվա համեմատ այս պահին ցուցահանդեսին գրանցված այցելուների թիվը ավելացել է ավելի քան 30 տոկոսով, ինչը վկայում է, որ այս տարի հետաքրքրությունը TOON EXPO-ի և շուկայի նկատմամբ զգալիորեն բարձր է լինելու։

«Ես դա կապում եմ սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվության հետ։ Այս տարվանից մենք մեծ շեշտադրում ենք դնում սփյուռքի վրա։ Մեր նպատակն է, որ արտերկրում ապրող հայը, երբ մտածի Հայաստանում տուն կամ գույք ձեռք բերելու մասին, իմանա՝ կարող է տարին երկու անգամ գալ Հայաստան և հենց այդ օրերին լավագույն պայմաններով, կարճ ժամանակում ծանոթանալ շուկային և օգտվել զեղչերից ու հատուկ առաջարկներից՝ ձեռք բերելով սեփական տուն»,- ասաց Big Projects ընկերության համահիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը։

Կառուցապատողները նաև փաստեցին շուկայի էական աճը՝ սկսած նախորդ տարվա սեպտեմբերից։

RED Invest Group-ի հիմնադիր տնօրեն Արսեն Ավետիսյանն ընդգծեց, որ TOON EXPO-ն տարվա սկզբին հետաքրքիր ակտիվություն կստեղծի․«Եթե վերցնենք նախորդ տարվա վերջին չորս ամիսները, ապա մոտավորապես նույն պատկերը կունենանք նաև ապրիլից սկսած։ Մարտ ամսին գործարքների թվի վրա էական ազդեցություն չի լինի, սակայն, իմ կարծիքով, ապրիլ, մայիս և հունիս ամիսներին գործարքների թիվը կաճի՝ հասնելով 1200-1700-ի, ինչը շուրջ երեք անգամ ավելի է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասաց նա։

TOON EXPO-ն արդեն դարձել է շուկայում սպասված իրադարձություն. ինչպես եվրոպական երկրներում մարդիկ սպասում են մեծ զեղչերի սեզոնին, այնպես էլ Հայաստանում սպասում են TOON EXPO-ին՝ իր լայնածավալ և հավակնոտ առաջարկներով։

Ցուցահանդեսը կարևոր դեր ունի նաև պետություն-մասնավոր համագործակցության զարգացման մեջ։ Պաշտոնական հովանավոր՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիան իրականացնում է հետազոտական աշխատանքներ և տարբեր առաջարկներ ներկայացնում կառավարության գործընկերներին։

Ցուցահանդեսի մուտքն անվճար է, սակայն պարտադիր գրանցմամբ։ Այցելուների համար այն բաց կլինի երեք օր՝ ժամը 11:00-ից մինչև 21:00։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում