ՀՀ նախագահ

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Լաոսի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Լաոսի նորանշանակ դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Սիֆանդոն Օյբուաբուդդին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման։

Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Լաոսի միջև համագործակցությունը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներ։Դեսպան Օյբուաբուդդիը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գործունեությամբ առավելապես կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, կրթական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության առաջմղումը՝ այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր բաղադրիչ։

Շեշտվել է նաև պաշտոնական փոխայցելությունների դերը՝ որպես համագործակցության ամրապնդման և նոր ուղղությունների բացահայտման արդյունավետ միջոց։

Կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում սերտ համագործակցությունը կարող է ունենալ դրական նշանակություն՝ նպաստելով ընդհանուր օրակարգերի առաջմղմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի COP համաժողովին, ինչպես նաև «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին՝ ընդգծելով դրանց կարևորությունը որպես փոխգործակցությունը խորացնող և հարաբերությունները սերտացնող հարթակներ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում