Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Սյունիքում դռներ է թակում, շփվում քաղաքացիների հետ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Սյունիքում դռներ է թակում, շփվում քաղաքացիների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ Սյունիքի մարզում է, կանգառ են կատարել Սիսիանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը շրջում է բակերում, շփվում քաղաքացիների հետ, հետաքրքրվում նրանց խնդիրներով, կառավարության ծրագրերի, աջակցությունների արդյունքներով:

Թոշակառուներից նա հետաքրքրվում է կենսաթոշակի բարձրացման, առողջության ապահովագրության մասին, ուսուցիչներից՝ ատեստավորման արդյունքների:

Վարչապետն իրեն մոտեցած թոշակառու պապիկին հորդորեց առևտուրն անել անկանխիկ, ինչի արդյունքում նրա կենսաթոշակը 48 հազար դրամի փոխարեն կդառնա գրեթե 70 հազար դրամ:

Փաշինյանը մտավ նաև բնակելի շենք, թակեց դռներ՝ քաղաքացիների հետ անձամբ շփվելու համար: Տարեց մի բնակչից հետաքրքրվեց, թե արդյոք օգտվում է առողջության ապահովագրության շրջանակում մատուցվող ծառայություններից: Տարեց տղամարդն ասաց, որ բժշկական կենտրոն հասնելու դժվարություն ունի: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կարող են բժշկի տնային այց ձևակերպել, բժիշկն անձամբ կմոտենա: Նախարարն անձամբ վերցրեց տարեց տղամարդու հեռախոսահամարը, որ բժիշկը կապվի նրա հետ:

Նա նկատեց, որ թակած գրեթե բոլոր դռների բնակիչները կառավարության սոցիալական ծրագրերի շահառուներ են՝ թոշակառուներ, առողջության ապահովագրության շահառուներ, երեխայի ծննդյան նպաստ ստացող:

Քաղաքացիներն իրենց տարբեր հարցերով մոտենում են վարչապետին:

Փաշինյանի հետ շրջում է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում